Ինչու չի կարելի ուշ երեկոյան ուտել

21:00   20 հուլիսի, 2016

Պակաս կարեւոր չէ այն, թե մենք որ ժամին ենք սնվում, քան այն, թե մենք ինչ ենք ուտում, պնդում են Սոլկայի Կենսաբանական հետազոտությունների  ինստիտուտի մասնագետները: Նրանց խոսքով՝ օրգանիզմն ավելի ճիշտ կաշխատի, եթե հետեւենք պարզագույն կանոնին՝ չսնվել 12 ժամվա ընթացքում՝ երեկոյան ժամը 20-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը:

Այս ռեժիմը պահպանելու դեպքում, մասնագետների խոսքով,  նիհարելն ավելի դյուրին է՝ անկախ այն բանից, թե ինչ մթերք կուտենք ցերեկը:

Եթե 24 ժամվա ընթացքում սնունդը օրգանիզմ է մտնում տարբեր ժամերի, եւ նման անկանոն սննդակարգը օրեցօր պահպանվում է, ապա դա կարող է օրգանիզմում հանգեցնել տարբեր խանգարումների, կարծում են մասնագետները: Պարզվում է՝ սնունդի ընդունման ժամերի փոփոխությունն է ազդում լյարդի հազարավոր գեների աշխատանքի վրա: Այսպիսի անբարենպաստ փոփոխությունները հղի են շատ այլ օրգանների ֆունկցիայի եւ նյութափոխանակության խանգարմամբ:

Այդ է պատճառը, որ անկանոն կամ գիշերային ուշ ժամերին սնվող մարդիկ ավելի հաճախ են բախվում շաքարախտի եւ ճարպակալման խնդրին, ընդգծում են մասնագետները: Նրանց կարծիքով՝ կարեւոր է պահպանել սնվելու ամենօրյա երեքանգամյա ռեժիմ նույն ժամերին՝ մինչեւ երեկոյան ժամը 20-ը: Դա հնարավորություն կտա բարձրացնել նյութափոխանակության գեների ակտիվությունը, լավագույնս տեղաբաշխել սնունդից ստացվող էներգիան եւ հեշտությամբ այրել անպիտան շաքարն ու ճարպերը:



© NEWS.am Medicine