Հիվանդների քանի՞ տոկոսն է բուժվում մելանոմայից

13:15   25 հուլիսի, 2016

Մելանոման քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը ուշ ախտորոշման դեպքում բավական դժվար է բուժման ենթակա: Ինչպիսի՞ն է մելանոմայի բուժման հավանականությունը: Հիվանդների քանի՞ տոկոսն է բուժվում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս հարցերին պատասխանում է հայտնի ուռուցքաբան, մելանոմայի մասնագետ Հակոբ Բեդիկյանը (ԱՄՆ):

Նրա խոսքով՝ ցանկացած ուռուցքային հիվանդության բուժման արդյունավետությունը սովորաբար կախված է, թե երբ են այն հայտնաբերել եւ երբ են բուժումն սկսել: Մելանոման բացառություն չէ:

Եթե մելանոման ժամանակին են ախտորոշում, հիվանդների մոտ 75-80 տոկոսը բուժվում է, նշում է մասնագետը: Դա վատ ցուցանիշ չէ: Սակայն մելանոմայի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն օրգանիզմում արագ է տարածվում, հետեւաբար եթե ուշ է ախտորոշվում, նրա բջիջները հասցնում են ախտահարել այլ օրգաններ, եւ ապաքինվելու հավանականությունն արդեն կտրուկ նվազում է. եթե մելանոման հասցրել է փոխանցվել ավշահանգույցներին, հիվանդների միայն 35-40 տոկոսն է բուժվում: Եթե այն հասցրել է ախտահարել այլ օրգաններ, հատկապես ուղեղն ու ոսկրերը, ապա բուժման հավանականությունը 10 տոկոսից ցածր է:

Հատկապես այդ պատճառով, ինչպես նշում է մասնագետը, այդքան կարեւոր է վաղ ախտորոշումը: Նա խորհուրդ է տալիս մաշկի վրա տարօրինակ, փոփոխվող խալ նկատելիս չմտածել, թե խնդիրն ինքնաբերաբար կանցնի, եւ դիմել մասնագետի, որը զննելով խալը՝ անհրաժեշտության դեպքում կնշանակի լրացուցիչ անալիզներ, որոնք կհաստատեն կամ կհերքեն մելանոման:

Այն, որ խալը պետք է ցույց տալ բժշկին՝ կարելի է հասկանալ մի շարք ախտանշանների առկայությամբ՝ խալի գույնի, ձեւի փոփոխություն, եզրերի ուրվագծեր, հոծ լինելը: Օգտակար է իմանալ նաեւ, այսպես կոչված, ABSD ալգորիթմի մասին, որը նույնպես կարող է բժշկի հետ խորհրդակցելու ցուցիչ լինել:

Հիշեցնենք, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է մելանոմայի 45-60 նոր դեպք: Հայաստանում մելանոմայից մահացածությունը մոտ 40-60 տոկոս է:

 



© NEWS.am Medicine