2015 թվականին Հայաստանում գրանցվել է թոքերի քաղցկեղի 1353 նոր դեպք: Ընդամենը 5 տարվա ընթացքում հայտնաբերվել է քաղցկեղի այս տեսակով 6180 հիվանդ: Այս մասին լրագրողներին հայտնել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանը եւ «Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի» ղեկավար Գրիգոր Բադալյանը:
Մասնագետների խոսքով՝ թոքերի քաղցկեղով հիվանդացությունը տարեցտարի աճում է. 2000 թվականին գրանցված էր ընդամենը 892 նոր դեպք, իսկ 2005-ին՝ 1064, 2010-ին՝ 1198: 2010 թվականի համեմատությամբ՝ հիվանդացությունն աճել է 11.5 տոկոսով, իսկ 2000-ի համեմատությամբ՝ ամբողջ 35 տոկոսով:
Թոքերի քաղցկեղից մահացությունը, ինչպես նշեց, պրոֆեսոր Բադալյանը, այժմ ավելին է, քան միասին վերցրած կրծքի, հաստ աղիի եւ շագանակագեղձի քաղցկեղից: Աշխարհում ամեն տարի գրանցվում է 1.82 մլն նոր դեպք եւ 1.59 մլն մահվան ելք: Հայաստանում 5 տարվա ընթացքում գրանցվել է մահվան 5418 դեպք, որ կազմում է այդ ընթացքում գրանցված հիվանդների (6180) 87 տոկոսը:
Մասնագետների խոսքով՝ բարձր մահացությունը առաջին հերթին կապված է հիվանդության ուշ ախտորոշմամբ. երկար ժամանակ հիվանդությունը կարող է համարյա երեւան չգալ, եւ հիվանդն ուշադրություն չդարձնելով քրոնիկական հազի տեսքով ոչ մեծ ախտանշանների վրա՝ չի դիմում բժշկի: Արդյունքում՝ քաղցկեղն ախտորոշվում է արդեն ուշ փուլում, երբ վիրաբուժական բուժումն անհնար է, իսկ քիմիթերապիան եւ ճառագայթային բուժումն արդեն քիչ արդյունավետ են:
Մասնագետները հիշեցնում են, որ քաղցկեղային ցանկացած հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան դրա բուժումը. Թոքերի քաղցկեղի կանխարգելումը պարզ է՝ բավական է չծխել, այս հիվանդության դեպքերի մեծամասնությունը կապված է ծխելու հետ: