Ծնկի եւ կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզների պատրաստման համար հատուկ համաձուլվածք է ստեղծվել: Այժմ դրանց ստեղծման համար տիտան է օգտագործվում. այն կենսաբանորեն չեզոք է, ամուր եւ ոչ թունավոր: Չնայած իր բոլոր առավելություններին, նման պրոթեզներն այնուամենայնիվ կոտրվում են եւ անհրաժեշտ է տեղադրումից 10 տարի անց փոխել դրանք:
Էմիլիա Մորոսանը (Emilia Morosan) Ռայսի համալսարանից (Rice University) եւ իր գործընկերները տիտանի եւ ոսկու համաձուլվածք են մշակել, որը մաքուր տիտանից 4 անգամ ավելի ամուր է: Դրանից պատրաստված պրոթեզներն անհամեմատ ավելի երկար կծառայեն, կարծում են հեղինակները, որովհետեւ այդ նյութն ավելի դիմացկուն է:
Համաձուլվածքը Ti3Au անվանումն է ստացել եւ տիտանի եւ ոսկու երեքը մեկին հարաբերակցություն է պարունակում: Այն ստանալը բավականին հեշտ է: Այն իդեալականորեն համապատասխանում է էնդոպրոթեզավորմանը. այս պահի դրությամբ դա հավանաբար ամենաամուր միջմետաղային բաղադրյալ կենսանյութն է բոլոր գոյություն ունեցողների մեջ:
Ամենայն հավանականությամբ Ti3Au-ի համաձուլվածքից հոդերը հնարավոր կլինի տպել նաեւ 3D տպիչով: Նման տեխնոլոգիան արդեն օգտագործվում է տիտանից հոդերի պրոթեզների ստեղծման համար: Դա թույլ կտա տպել հիվանդին իդեալականորեն համապատասխանող հոդ: Բժիշկները նախ սկանավորում են հոդը, հետո պոլիստիրոլից մակետ են պատրաստում, իսկ հետո արդեն տպում են մետաղական պրոթեզը, որը տեղադրվում է հիվանդի մարմնում: