Ղարաբաղում վիրավորված Ռուբենն արդեն սովորում է բռնել գդալը եւ ինքնուրույն ուտել

18:49   2 օգոստոսի, 2016

Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված Ռուբեն Առաքելյանը, որը բուժում է ստանում Գերմանիայում, արդեն իրեն անհամեմատ ավելի լավ է զգում: Այժմ նա սովորում է օգտագործել ձախ ձեռքը` դրանով գդալ բռնել, ինքնուրույն ուտել, ատամները մաքրել խոզանակով եւ այլն: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են Ռուբենի ազգականները:

Նրանց խոսքով, այդ ամենը նրան հեշտ չի տրվում, նա ասես նորից սովորում է օգտագործել այդ ձեռքը, բայց նա ջանքեր է գործադրում եւ առաջընթացն ակնհայտ է: Յուրաքանչյուր պրոցեդուրայի համար հատուկ ժամանակ է հատկացված եւ կլինիկայի մասնագետները նրա հետ ինտենսիվ աշխատում են: 

Ռուբենի համար նաեւ հատուկ անվասայլակ են պատրասում, որը նա կկարողանա կառավարել ձախ ձեռքով, որը նա, հիշեցնենք, այժմ արդեն կարողանում է օգտագործել: Այդ անվասայլակի օգնությամբ նա կկարողանա տեղաշարժվել եւ ավելի ինքնուրույն կդառնա:  

Ռուբենի վերականգնողական բուժման շրջանակում նաեւ փորձում են նրան ոտքի կանգնեցնել նրան պահող հատուկ սարքի օգնությամբ: 

Հիշեցնենք, որ 19-ամյա Ռուբենը զինվորական ծառայության ընթացքում ողնաշարի հատվածում ծանր վնասվածք է ստացել եւ նրա վերջույթները գործնականում անշարժացվել են: Գերմանացի բժիշկները, որոնք ծանոթացել են Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասնակիորեն վերականգնել դրանց շարժունակությունը եւ նրան օգնել ավելի ինքնուրույն դառնալ: Ռուբենն արդեն մի քանի շաբաթ է, ինչ Գերմանիայում է: 

Այս պահի դրությամբ նրա բուժման համար արդեն վճարված է, սակայն բացառված չէ, որ նա կարող է ողնաշարի վիրահատության եւ հետվիրահատական վերականգնման կարիք ունենալ. այդ դեպքում առկա միջոցները կարող են չհերիքել եւ նրա ընտանիքին եւս մի քանի տասնյակ հազար եվրո անհրաժեշտ կլինի:



© NEWS.am Medicine