Տասը երեխա ունենալը նվազեցնում է մոր քաղցկեղով հիվանդանալու ռիսկը

22:12   12 մարտի, 2014

Տասը եւ ավելի անգամ ծննդաբերած կանայք ավելի քիչ են ենթակա քաղցկեղի ռիսկին՝ ըստ ֆինն գիտնականների նոր հետազոտության:

Փորձագետներն ուսումնասիրել են քաղցկեղի առաջացման ռիսկը մինչեւ 2010 թ. 10 եւ ավելի անգամ ծննդաբերած 5000 ֆինն կնոջ շրջանում:

Երեսուն տարվա ընթացքում այդ կանանց շրջանում հայտնաբերվել է քաղցկեղի 656 դեպք, ինչը 200-ով պակաս է, քան կարելի էր սպասել՝ ելնելով Ֆինլանդիայում քաղցեկով հիվանդացության մակարդակից, ասված է հետազոտության մեջ:

Փաստացի, 10 եւ ավելի անգամ ծննդաբերած կանանց շրջանում քաղցկեղային հիվանդությունների դեպքերը 24%-ով պակաս են եղել, ասում են հետազոտողները:

Այդ կանայք իրենց առաջնեկներին շատ երիտասարդ տարիքում են ծննդաբերել՝ 5 տարով ավելի վաղ, քան Ֆինլանդիայի կանանց միջին վիճակագրությունն է:

Հայտնի է, որ վաղ տարիքում հղիանալը պահպանում է կրծքագեղձի քաղցկեղից, ասում է բժիշկ Յուհա Տապանայնենը Հելսինկիի համալսարանի կենտրոնական հիվանդանոցի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնից, փոխանցում է Fox News-ը:

Մինչեւ 20 տարեկանում ծննդաբերած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով, քան այն կանայք, որոնք առաջին անգամ ծննդաբերել են 30 տարեկանում կամ ավելի ուշ՝ ըստ առողջության ազգային ինստիտուտների: Որոշ գիտնականներ կարծում են, որ պատճառն այն է, որ հղիությունն արագացնում է կրծքագեղձի բջիջների հասունացումը, իսկ հասուն բջիջներն ավելի կայուն են քաղցկեղի նկատմամբ:



© NEWS.am Medicine