Օրական 2 բաժին գազավորված ըմպելիքը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը

10:56   6 օգոստոսի, 2016

Մարդիկ, որոնք օրական 2 բաժին քաղցր գազավորված ըմպելիք են խմում, երկու անգամ ավելի հաճախակի են բախվում լեղափամփուշտի քաղցկեղին, քան նրանք, ովքեր նման ըմպելիքներ չեն խմում: Դա պարզել են Կարոլինյան ինստիտուտի շվեդ գիտնականները, որոնք հետազոտություն են անցկացրել 70 000 մարդու մասնակցությամբ:

Journal of the National Cancer Institute-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ գազավորված ըմպելիքի օգտագործումը նաեւ 79 տոկոսով մեծացնում է լեղուղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Գիտնականների խոսքով, հետազոտությունը կապ է ցույց տվել քաղցկեղի եւ գազավորված ըմպելիքների միջեւ, բայց չի ապացուցել, թե հենց այդ ըմպելիքներն են քաղցկեղ առաջացնում:   Այնուամենայնիվ, նրանց, ով շատ է խմում նման ըմպելիքներ, նա խորհուրդ է տալիս ավելի ուշադիր վերաբերվել իր առողջությանը, որովհետեւ նրանք մտնում են բարձր ռիսկի խմբի մեջ:  

Իմիջիայլոց, գազավորված ըմպելիքը բարձրացնում է ոչ միայն քաղցկեղի, այլեւ մի շարք այլ հիվանդությունների զարգացման ռիսկը: Այսպես, օրինակ, կոլայում պարունակվող ֆոսֆորային թթվի բարձր խտությունը կարող է լվալ ատամի էմալի կալցիումը` վնասելով ատամներին: Այդ ըմպելիքի մեծ քանակությամբ օգտագործման հետեւանքները կարող են շատ լուրջ լինել. վնասվածքները կարող են վերաբերել միանգամից բոլոր ատամներին: 

Մեկ այլ խնդիր, որին հաճախ բախվում են գազավորված ըմպելիքի սիրահարները, ճարպակալումն է: Այդ ըմպելիքները շատ կալորիական են եւ հսկայական քանակությամբ շաքար են պարունակում, այդ պատճառով, եթե շատ գազավորված ըմպելիք խմենք, բայց անշարժ կենսակերպ վարենք, ավելորդ կգ-ներ հավաքելու ռիսկը կաճի: Բացի այդ, մեծանում է այլ խնդիրների, օրինակ` նյութափոխանակային համախտանիշի առաջացման հավանականությունը:  

Որոշ գիտնականներ հերքում են գազավորված ըմպելիքների եւ քաշ հավաքելու միջեւ կապը. նրանց խոսքով, ըմպելիքները դրա հետ կապ չունեն, մեղավորն իրենք` մարդիկ են, որոնք ակտիվ կենսակերպ չեն վարում եւ նախընտրում են պառկել բազմոցին: Իհարկե, նրանց խոսքերում ճշմարտության հատիկ կա, սակայն New York Times-ի լրագրողները պարզել են, որ այս փորձագետներից ոմանք աշխատել են   Coca-Cola ընկերության համար:

Իհարկե գոյություն ունեն առանց շաքարի ըմպելիքներ: Սակայն, ինչպես բոլորս գիտենք, դրանցում շաքարի փոխարինիչներ են պարունակվում, օրինակ` ասպարտամ: Վերջին տարիների հետազոտությունները վկայում են, որ արհեստական քաղցրացուցիչները դիաբետի զարգացում են հրահրում եւ մեծացնում են ախորժակը, ինչը գործնականում հանգեցնում է քաշ հավաքելու, ոչ թե ավելորդ կգ-ներից ազատվելու: Բացի այդ, կարծիք կա, որ ասպարտամը քաղցկեղածին է եւ շատ վտանգավոր է երկարաժամկետ հեռանկարում: 

Քաղցր գազավորված ըմպելիքները եւս մեծացնում են լյարդի եւ երիկամների խնդիրների զարգացման ռիսկը, մեծանում է օստեոպորոզի առաջացման ռիսկը, ինչպես նաեւ խախտվում է աղջիկների եւ կանանց մոտ սեռական հորմոնների արտադրությունը:



© NEWS.am Medicine