Հյութային դիետաները կարող են անպտղության եւ լյարդի հետ կապված խնդիրների հանգեցնել

14:54   6 օգոստոսի, 2016

Հյութային դիետաները, որոնց օգնությամբ որոշ մարդիկ փորձում են նիհարել, բոլորովին էլ այնքան անվնաս չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Կոշտ սննդից հրաժարումը հեղուկի օգտին կարող է միգրենի, բեղունության եւ լյարդի հետ կապված խնդիրների հանգեցնել, զգուշացնում են մասնագետները:

Հյութային սննդակարգի կողմնակիցները պնդում են, որ այն ոչ միայն նպաստում է քաշի կորստին, այլեւ ամրապնդում է առողջությունը: Սակայն փորձագետները զգուշացնում են, որ այդ հայտարարությունները ոչ մի կերպ հիմնավորված չեն: Ավելին, հյութերով ավելորդ տարվածությունը, ի վնաս մնացած սննդին, կարող է սարսափելի հետեւանքների հանգեցնել: Կարճաժամկետ հեռանկարում նման սնունդը նպաստում է միգրենների, հոգնածության եւ գլխապտույտի  առաջացման: Երկարաժամկետ հեռանկարում այն կարող է հանգեցնել  մկանային զանգվածի կորստի, լյարդի եւ բեղունության հետ կապված խնդիրների:

Այսօր հյութերի ժողովրդականությունը բացատրվում է նրանով, որ աստղերը տարված են դրանցով: Օրինակ` մոդել Քեյթ Մոսսը դեռեւս 2013-ի հունիսին խոստովանել էր, որ Playboy-ի համար ֆոտոսեսիայի նախօրեին մրգային եւ բանջարեղենային հյութերից բացի, ոչինչ չի օգտագործում: Դրանից հետո հյութերի ժողովրդականությունը զգալիորեն աճեց:  

Միգրենները հյութային սննդակարգերով տարվածության ամենատարածված հետեւանքներից են, հատկապես եթե դրանցում ցիտրուսային մրգեր են օգտագործվում:  2004 թվին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ թարմ քամված նարնջի հյութը սինեֆրին է արտադրում` անոթները նեղացնող միջոց, որը նպաստում է միգրեններին: Ցիտրուսային մրգերով տարվածությունը   որոշ հիվանդների մոտ նաեւ մագնիումի պակաս է առաջացնում, իսկ դա կապված է առանց աուրայի միգրենի զարգացման հետ:   Խնդիրների թվին են դասվում ծայրաստիճան հոգնածությունը, նյարդայնությունը եւ փորկապությունը:  

Գիտնականներն ընդգծում են, որ մրգերն ու բանջարեղենները շատ օգտակար վիտամիններ եւ հանքանյութեր են պարունակում, բայց դրանց պակասում են կարեւորագույն ամինաթթուները, ճարպերը եւ սպիտակուցները: Հյութային սննդակարգերի եւ անպտղության միջեւ ճշգրիտ կապն ապացուցված չէ, բայց երեխա սաղմնավորել ցանկացող կանայք չպետք է հետեւեն ոչ մի սահմանափակող սննդակարգի:



© NEWS.am Medicine