Ինչու են այսօր ավելի հաճախ կեսարյան հատում անում. պարզաբանում է մանկաբարձ-գինեկոլոգը

21:37   9 օգոստոսի, 2016

Երբ «Մալաթիա» բժշկական կենտրոնը վերանվանվեց «Աստղիկ»՝ ժամանակակից բժշկական ստանդատներով նորակառույց մասնաշենքով, հիվանդանոցի ծննդատանը շնորհվեց երրորդ մակարդակ: Թե դա ինչ է նշանակում, եւ ինչ չափանիշների պետք է համապատասխանի ծննդատունը, ինչպես նաեւ մանկաբարձության եւ պերինատոլոգիայի մի շարք ակտուալ հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է  «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Արա Հովակիմյանի հետ:

Երրորդ մակարդակ

Երրորդ մակարդակը նշանակում է. որ այդ ծննդատուն կարող են ընդունվել եւ սպասարկվել ամեն կարգի հիվանդություններով, բարդացումներով եւ պաթոլոգիայով հղիները: Դրա համար ծննդատանը բոլոր պայմաններն ստեղծված են:

«Աստղիկ» ԲԿ-ն կառուցվել է ըստ ժամանակակից հիվանդանոցային տեխնոլոգիաների, այստեղ բոլոր համակարգերն ինքնավար են եւ կենտրոնացված: «Ամբողջ սարքավորումը գերմանական արտադրության տեխնիկայի վերջին խոսքն է, հիվանդանոցային մասնաշենքը եւս գերմանական սխեմայով է կառուցվել: Ծանր ծնունդներ ընդունելու եւ անհաս երեխաներին հասունացնելու անհրաժեշտ սարքավորումներ կան»,- ասում է բաժանմունքի ղեկավարը:

Պատրաստված կադրեր էլ կան, սակայն նաեւ որակավորումը մշտապես բարձրացնելու անհրաժեշտություն կա, եւ Արա Հովակիմյանը չի ընդունում այդ հարցում հին կադրերի դժգոհությունը: «Ոչ մեկին վնաս չէ սովորելը, այդ թվում եւ՝ ինձ»- ասում է նա:

Անչափ կարեւոր է այն փաստը, որ հիվանդանոցը բազմապրոֆիլային է: «Իհարկե, դա մեզ շատ հարցերում է փրկում: Որովհետեւ ցանկացած պաթոլոգիայով՝ սիրտ-անոթային, երիկամային եւ այլն, հղիները կարող են մեզ մոտ առաջավոր մասնագետների կողմից խորհրդատվություն ստանալ, եւ բուժումն էլ կատարվում է այդ բժիշկների հետ համատեղ»,- ընդգծում է Արա Հովակիմյանը:

«Աստղիկ» ԲԿ-ն սեփական կանացի կոնսուլտացիա ունի, եւ հիվանդանոցի շատ բժիշկներ այնտեղ վարում են հղիներին: Դա, նրա խոսքով, «Աստղիկ» ԲԿ-ի եւս մեկ առավելությունն է: «Այսպես ավելի ճիշտ է, այսպես բժշկի եւ հղիի միջեւ վստահելի հարաբերություններ են հաստատվում»,- նշում է բժիշկը:

Նրանց բաժանմունքում յուրաքանչյուր ծննդկան ընդունվում է ծնունդի առանձին բոքս, որտեղ է գտնվում նախածննդյան շրջանում, այնտեղ էլ ծննդաբերում է, այնուհետեւ իր փոքրիկի հետ տեղափոխվում հիվանդասենյակ: «Մեզ մոտ մայրն ու երեխան անբաժան են, դա երկկողմանի օգտակար է՝ եւ՛ մոր, եւ՛ երեխայի համար»,- հավելում է նա:

Էպիդուրալային անզգայացում

«Աստղիկ» ԲԿ-ի մանկաբարձական բաժանմունքում անկասկած կիրառվում է էպիդուրալային անզգայացումը, սակայն Արա Հովակիմյանն այս հարցում կշռադատված մոտեցման կողմնակից է:

«Որոշ երկրներում էպիդուրալային անզգայացում են կատարում հիվանդանոց ծննդկանի ընդունվելուն պես: Ես նման մոտեցման կողմնակից չեմ, բայց միեւնույն ժամանակ այդպիսի անզգայացումից հրաժարվելու կողմնակից էլ չեմ: Եթե զգում եմ, որ կնոջ ցավերն իրոք շատ ուժեղ են, եւ նա ինքն էլ է այդ մասին ասում, կան հստակ չափանիշներ, երբ կարելի է էպիդուրալային անզգայացում կատարել: Ես կողմ եմ ցավազրկմանը, բայց եթե մինչ ծնունդը 30 րոպե է մնացել, ապա խորհուրդ կտամ հրաժարվել անզգայացումից, որովհետեւ ծննդկանը պետք է ուժ տա, իսկ եթե դադարի զգալ ստորին հատվածը, չի կարողանա ուժ տալ»,- ասում է նա:

Բժշկի խոսքով՝ փորձառու մանկաբարձը պետք է ուղղորդի անեստեզիոլոգին. այ հիմա արա, իսկ հիմա այնպես անենք, որ թուլանա, դե իսկ հիմա մի փոքր ավելացրու: Եվ գլխավորը՝ որ պահից չի կարելի անզգայացում կատարել: «Եթե կարելի է էպիդուրալային անզգայացումից խուսափել, ավելի լավ է դրան չդիմել: Բարդացում կարող է լինել ցանկացած մանիպուլյացիայից»,- նշում է նա:

Կեսարյան հատում

Երրորդ մակարդակի ծննդատան համար, որտեղ ընդունվում են ծանր ծնունդների մեծ մասը, կեսարյան հատման թույլատրելի նորման 30 տոկոս է: Արա Հովակիմյանը, սակայն, կարծում է, որ չարժե շատ գայթակղվել կեսարյանով, որն ամեն դեպքում վիրահատություն է՝  իր վտանգներով հանդերձ: 

Նա հիշում է, որ 20-30 տարի առաջ ծնունդի ժամանակ կեսարյան հատում շատ հազվադեպ էր կատարվում, եւ միայն ծննդկանի բոլոր հարազատների համաձայնությամբ: «Նախկինում ամբողջ ազգուտակը պիտի համաձայնություն տար, եւ պատահում էր, որ կեսարյանի չէին համաձայնում, նույնիսկ եթե այն անհրաժեշտ էր: Իսկ հիմա մյուս ծայրահեղությունն է. ծննդկաններն ասում են՝ չեմ ուզում ցավ զգալ, կատարեք կեսարյան հատում: Հիմա բժիշկներն են ծննդկաններին համոզում դա չանել»,- ասում է նա:

Մասնագետի պարզաբանմամբ՝ այն ժամանակ կեսարյանի միայն մի քանի ցուցումներ կային, բայց դրա հետ մեկտեղ կային ծննդօգնության այլ մեթոդներ. բժիշկներն ունելի էին օգտագործում կամ վակուում: Այսօր այս մեթոդները ոչ թե արգելված են, այլ չեն խրախուսվում, այդ իսկ պատճառով նվազագույն շեղման դեպքում բժիշկները նախապատվություն են տալիս կեսարյան հատմանը:

«Այսօր կեսարյան հատման շատ ցուցումներ կան՝ ոմանք բացարձակ, մյուսները՝ հարաբերական, բայց այդպիսին է պերինատոլոգիայի պահանջը՝ անհրաժեշտ է գործել ոչ միայն մոր, այլ նաեւ պտղի շահերից ելնելով»,- ասում է նա:

Մայրական մահացություն

Արա Հովակիմյանը կարծում է, որ ծննդկաններն այն պատճառով չեն մահանում, որ ինչ-ինչ ծննդատներ վերակենդանացման բաժանմունք կամ էլի ինչ-որ բան չունեն, այլ այն պատճառով, որ բժիշկներն ու անձնակազմը նրանց հանդեպ անտարբեր են լինում:

«Ես իմ անձնակազմից մշտապես պահանջում եմ՝ ավելորդ անգամ մոտենալ հղիին, եւս մեկ անգամ հետազոտել, 10-15 անգամ հետազոտել, յուրաքանչյուր կես ժամը մեկ, կամ յուրաքանչյուր 5 րոպեն մեկ, եթե անհրաժեշտ է: Եթե ճիշտ խնամք եւ հսկողություն լինի, կանայք ավելի հազվադեպ կմահանան»,- նշում է բժիշկը՝ հավելելով. «բայց երբեք չեմ ասի, որ այդպիսի բան մեզ մոտ չի կարող պատահել»:

«Սակայն կանայք չեն մահանում այն պատճառով, որ այդպիսին էր նրանց ճակատագիրը: Ինչ-որ տեղ ինչ-որ բացթողում է լինում, ինչ-որ տեղ ինչ-որ բան աննկատ է մնում, եւ, ավաղ, կինը մահանում է»,- ասում է նա:

«Ոչ մի բժիշկ չի կարող 100-տոկոսանոց երաշխիք տալ, որ իր մոտ մշտապես ամեն ինչ լավ կլինի, ինչը լավ է եղել՝ կարող է ասել, բայց ինչ կլինի՝ չի կարող ասել»,- ասում է փորձառու բժիշկը՝ ավելացնելով, որ «երբեք մի ասա երբեք, չի կարելի ասել, որ ինձ մոտ երբեք չի լինի այդպիսի դեպք: Սակայն պետք է ջանալ, որ նման բան չլինի»:



© NEWS.am Medicine