Սպառողների շահերի պաշտպանը հորդորում է խանութից թան չգնել

12:46   13 օգոստոսի, 2016

Հայաստանի քաղաքացիները պետք է քիչ օգտագործեն պահածոյացված մթերքներ, հատկապես` ձկնեղեն: Այդ մասին օգոստոսի   13-ի մամուլի ասուլիսին հայտնել է   «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Մելիտա Հակոբյանը:  

Նրա խոսքով, սպառողները պետք է ուշադրություն դարձնեն նաեւ մթերքի ժամկետներին:  «Հնարավորինս քիչ է պետք օգտագործել ճարպեր պարունակող մթերքներ: Անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, մասնավորապես` թան, որը պատրաստվել է տնական պայմաններում», - նշել է Մելիտա Հակոբյանը:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակցի`«Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ Միլետա Արիստակեսյանի խոսքով, ուժեղ շոգի մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ է    3 լ ջուր խմել: «Հայաստանում, բարեբախտաբար, ջուրը շատ մաքուր եւ լավն է», - հավելել է նա:

Նրա խոսքով, չի կարելի խանութից թան գնել: «Եթե թանն արդեն պատրաստված է եւ վաճառվում է խանութում, օգտագործման ժամկետն առնվազն  10 օր է, նման բան չի կարող լինել, նշանակում է` թանին կոնսերվանտներ են ավելացվել, իսկ դա շատ վտանգավոր է առողջության համար», - ընդգծել է Միլետա Արիստակեսյանը:



© NEWS.am Medicine