Անդամալուծության բուժման նոր մեթոդն աներեւակայելի արդյունքներ է ցույց տվել

18:14   15 օգոստոսի, 2016

Բուժման նոր, ոչ ինվազիվ տեխնոլոգիաները հանգեցրել են գոտկատեղից ներքեւ անդամալույծ հիվանդների վիճակի լուրջ բարելավման: Կլինիկական հետազոտություններին   6 տղամարդ եւ երկու կին է մասնակցել:

Բոլոր կամավորները, որոնք մասնակցել են փորձարկմանը, ամբողջությամբ կորցրել էին շարժունակությունը գոտկատեղից ներքեւ, բայց կլինիկական հետազոտության ընթացքում լուրջ առաջընթաց են արձանագրել:  4 դեպքում բժիշկները նույնիսկ կարողացել են հիվանդներին տեղափոխել  «մասնակիորեն անդամալույծների» կարգ:

Հիվանդներից մեկը` 32-ամյա կին, որն անդամալույծ է ավելի քան 10 տարի, ամենատպավորիչ փոխակերպում է դրսեւորել: Հետազոտության սկզբում նա չէր կարողանում ոտքի կանգնել նույնիսկ շարժահենակների օգնությամբ:  13 ամսից կինը կարողացել է քայլել շարժահենակների եւ ֆիզիոթերապեւտի օգնությամբ: Փորձագետները նշում են, որ մինչեւ վերջերս ոչ ոք չէր կարողացել լիակատար անդամալուծության պայմաններում նման տպավորիչ առաջընթաց արձանագրել: 

ԱՄՆ-ում Դյուկի համալսարանի գիտնականների` անդամալուծության բուժման նորարարական մեթոդիկան իրենից ներկայացնում է ուղեղի այն հատվածների խթանման տեխնիկաների համադրություն, որոնք մի ժամանակ վերահսկում էին հիվանդների` ակտիվությունը կորցրած վերջույթները:  Դրա հիմքում ընկած է կլինիկական եղանակով դեռեւս չապացուցված տեսությունն այն մասին, որ այդ գործընթացը   փոփոխություններ է խթանում ոչ միայն ուղեղում, այլեւ ողնաշարի վնասված հատվածում: 

Այդ մեթոդիկային համընդհանուր ուշադրությունը բեւեռվել էր դեռեւս հունիսի 2014-ին, երբ գոտկատեղից ներքեւ անդամալույծ մարդը հատուկ ռոբոտիկ հագուստով հարվածել էր գնդակին Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղի ընթացքում:  Նոր հետազոտության ընթացքում կամավորներն առաջին փուլում սովորել են  վիրտուալ իրականության գործիքների օգնությամբ կառավարել թվային ավատարը: Նրանք էլեկտրաէնցեֆալոգրամմայի միջոցով ուղեղի ակտիվությունը գրանցելու համար 11 էլեկտրոդով  հատուկ սաղավարտներ են կրել:   

Հիվանդներին խնդրել են ներկայացնել, թե նրանք ինչպես են տեղաշարժվում թվային  3D-աշխարհում, եւ ուղեղի այն հատվածները, որոնք կապված են վերջույթների վերահսկողության հետ, լուսավորվում էին էկրանին: Մարզումների մի քանի ամսից հետո ուղեղի` նախկինում քնած վիճակում գտնվող հատվածները սկսել են արթնանալ եւ որոշ հիվանդների մոտ շարժողական ակտիվության նշաններ են հայտնվել:   Միաժամանակ իրենք` հետազոտության հեղինակները հստակ չգիտեն, թե օրգանիզմում ճշգրիտ ինչ է տեղի ունենում տվյալ մեթոդիկան կիրառելիս: Գոյություն ունի տեսություն, որ   անդամալուծությամբ հիվանդների մեծ քանակություն դեռեւս պահպանել է ողնաշարի անվնաս նյարդերի որոշակի քանակություն, որոնց կարելի է ստիպել, որ աշխատեն, հաղորդում է   Scientific Reports ամսագիրը:



© NEWS.am Medicine