«Աստղիկ» բժշկական կենտրոնը ստենտավորումը կրկնակի էժանացրել է

14:39   31 օգոստոսի, 2016

«Աստղիկ» բժշկական կենտրոնը սրտի ստենտավորման գները մոտ երկու անգամ նվազեցրել է: Կլինիկայում նոր գները կսկսեն գործել սեպտեմբերի 1-ից, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը:

Նրա խոսքով՝ բնակչության համար այդ միջամտությունն առավել մատչելի դարձնելու ցանկութուն վաղուց կար. Հարցը քննարկվել է Առողջապահության նախարարությունում, բանակցություններ են վարվել ստենտներ եւ օգտագործվող այլ նյութեր եւ պարագաներ մատակարարողների հետ: Արդյունքում՝ հաջողվեց գները նվազեցնել, մասնավորապես մատակարարների հետ նոր պայմանավորվածությունների եւ ստենտավորման ծավալի մեծացման հաշվին:

Ասատուր Ասատրյանի պարզաբանմամբ՝ «Նատալի ֆարմ» ընկերությունը «Աստղիկ» ԲԿ համար նախկինում էլ էր ներմուծում ստենտներ եւ օժանդակ այլ պարագաներ («Նատալի ֆարմ»-ը եւ «Աստղիկ» ԲԿ-ն մտնում են «Նատալի գրուպ»-ի մեջ), սակայն վերջին բանակցությունների շնորհիվ հաջողվել է համաձայնության գալ ստենտավորման համար անհրաժեշտ արտադրանքի եւ դեղամիջոցների զգալիորեն մեծ տեսականիի ուղիղ արտադրողներից մատակարարումների շուրջ, ըստ որում՝ շատ ավելի էժան գներով, ինչը նշանակալիորեն նպաստել է սրտի ստենտավորման ինքնարժեքի նվազմանը:

NEWS.am Medicine-ն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանում եւ հարեւան Վրաստանում ստենտավորման գների մեծ տարբերությունը հանգեցրել էր ստենտավորման նպատակով հայ հիվանդների Թբիլիսի մեկնելուն: Մեր հաշվարկներով՝ Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, գները երկու, երբեմն երեք անգամ ավելի էժան էին: Այնպես որ, ստենտավորման էժանացումը Հայաստանի համար անչափ հրատապ է:



© NEWS.am Medicine