Կոճապղպեղը եւ չիլի պղպեղը կարող են նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը

18:08   9 սեպտեմբերի, 2016

Չիլի պղպեղում եւ կոճապղպեղում պարունակվող նյութերի համադրությունը կարող է արդյունավետ լինել քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման գործում: Ամերիկյան քիմիական ընկերակցության փորձագետները պարզել են, որ այդ համեմունքների համադրությունը առողջ սննդի շրջանակում բացասաբար է ազդում ուռուցքները սնուցող ռեցեպտորների վրա: 

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, թե չիլի պղպեղում պարունակվող կապսաիցինները կարող են սնուցել ուռուցքի աճը: Սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ կապսաիցինը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, եթե այն համադրվի 6-Gingerol հակաօքսիդանտի հետ, որը պարունակվում է կոճապղպեղում: Գիտնականները պարզել են, որ երբ 6-Gingerol-ը կապվում է կապսաիցինի հետ, գերհզոր բաղադրիչ է ստացվում, որը ճնշում է ուռուցքի աճի վրա ազդող առանցքային ռեցեպտորների աշխատանքը: 

Մի քանի շաբաթվա ընթացքում հետազոտության հեղինակները թոքերի քաղցկեղի կանխատրամադրվածություն ունեցող մկներին կերակրել են կամ միայն կապսաիցինով, կամ 6-Gingerol-ով, կամ կապսաիցինի եւ 6-Gingerol-ի համադրությամբ: Առաջին խմբում բոլոր լաբորատոր մկները բախվել են թոքերի կարցինոմայի, երկրորդում այն առաջացել էր կրծողների միայն կեսի մոտ, իսկ նրանց մոտ, ովքեր այդ բաղադրիչների համադրություն էին ստացել, հիվանդությունը վնասել է միայն 20 տոկոսին:

Գիտնականները մտադիր են մոտ ապագայում հետազոտել այդ համադրության ազդեցությունը այլ ուռուցքների վրա, իսկ հետո ստուգել մարդկանց վրա դրանց արդյունավետությունը:



© NEWS.am Medicine