Այսօր Առաջին բժշկական օգնության տրամադրման համաշխարհային օրն է

17:51   10 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը շատ երկրներում նշվում է որպես Առաջին բժշկական օգնության տրամադրման համաշխարհային օր (World First Aid Day): Որպես դրա անցկացման նախաձեռնողներ, հանդես են եկել Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի միջազգային շարժման անդամ հանդիսացող ազգային կազմակերպությունները: 

Առաջին բժշկական օգնության տրամադրման նպատակը տուժածի կյանքը փրկելու, նրա տառապանքները նվազեցնելու եւ հնարավոր բարդացումները կանխելու համար անհրաժեշտ պարզագույն բժշկական միջոցառումների իրականացումն է:  Պրոֆեսիոնալ առումով նման օգնություն տրամադրում են իհարկե բժիշկները, բայց նրանցից բացի, առաջին օգնության տրամադրման հնարքներին պետք է տիրապետեն ոստիկանության աշխատակիցները եւ փրկարարները: 

Բայց, կյանքը ցույց է տալիս, որ բժշկական արտակարգ օգնություն պահանջող իրավիճակներն ամենից հաճախ անսպասելի են ի հայտ գալիս, ժամանակի պակասի պայմաններում հաճախ` բժշկական կրթություն ունեցող մարդկանց բացակայությամբ:  Այդ պատճառով նման իրավիճակներում, երբ յուրաքանչյուր վայրկյանը թանկ է, կարեւոր է, որ դրա մասնակիցները խուճապի չենթարկվեն, գործեն արագ եւ վճռականորեն:  

Մասնավորապես, Կարմիր Խաչի բրիտանական բաժանմունքի աշխատակիցների համատեղ հետազոտությունները University of Manchester-ի աշխատակիցների հետ ցույց են տվել, որ վնասվածքներից մահացածների կեսից ավելիին հնարավոր կլիներ փրկել, եթե մոտերքում անհրաժեշտ պահին լիներ ինչ-որ մեկը, որը ծանոթ է առաջին բժշկական օգնության հնարքներին: 

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում մարդկանց   93 տոկոսը, տեսնելով, որ ինչ-որ մեկը վնասվածք է ստացել, անմիջապես շտապօգնություն է կանչում մինչեւ բժիշկների գալը: Բայց խնդիրն այն է, որ այդ մարդիկ կարող էին իրենք առաջին օգնություն տրամադրել առաջին կրիտիկական րոպեներին եւ դրանով փրկել տուժածի կյանքը: 

Մահերի մեծամասնությունը` մինչեւ 59 տոկոս, հնարավոր կլիներ կանխել տարրական միջամտությունների միջոցով:  Օրինակ, որոշ իրավիճակներում բավարար է ընդամենը տուժածին ճիշտ դիրք տալ` ազատելով նրա շնչուղիները, որպեսզի կշեռքի նժարը թեքվի կյանքի կողմը: Կարմիր Խաչի երկրորդ խորհուրդն է շտապ կանգնեցնել արյունահոսությունը, եթե այն չափազանց ուժեղ է, որպեսզի տուժածը չափից շատ արյուն չկորցնի, ինչը շատ դեպքերում ճակատագրական է լինում:



© NEWS.am Medicine