12:08 17 մարտի, 2014Կրծքով կերակրելը բազմաթիվ առավելություններ ունի: Բայց կրծքով երկար եւ ինտենսիվ կերակրելու հետեւանքով կարող է առջեւի ատամների կարիես առաջանալ, կարծում են ամերիկացի գիտնականները:
Օրվա ընթացքում որքան հաճախ է մայրը կերակրում երեխային, այնքան մեծ է վաղ տարիքում կարիեսի առաջացման վտանգը, ասում են հետազոտողները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս երեխային միայն կրծքի կաթով կերակրել նրա կյանքի առաջին վեց ամիսներին, որից հետո սկսել երեխայի ճաշացանկում աստիճանաբար կոշտ սնունդ ավելացնել՝ այդ ընթացքում շարունակելով կրծքով կերակրել:
«Կերակրող մոր համար ամենակարեւորն է՝ համոզվել, որ իր երեխան օպտիմալ կերպոսվ է սնվում»,- Reuters Health-ին տված հարցազրույցում ասել է հետազոտության առաջատար հեղինակ Բենջամին Չաֆֆին Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանից:
Նա եւ նրա թիմը Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում ուսումնասիրել են կրծքով երկար կերակրման եւ կարիեսի առաջացման ռիսկի միջեւ հնարավոր կապն անապահով ընտանիքների 458 երեխայի դեպքում:
Քանի որ հետազոտությունը տեւել է մեկ տարուց ավել, երեխաներն արդեն կրծքի կաթի հետ կերել են նաեւ կոշտ սնունդ:
Հետազոտողները պարզել են, որ այն երեխաների 40%-ի դեպքում, որոնց մինչեւ 24 ամսեկանը կերակրել են կրծքի կաթով, կարիես է առաջացել: Այն երեխաների շրջանում, որոնց կերակրել են կրծքի կաթով 24 ամսականից հետո ու ավելի ինտենսիվ, այդ թիվը կազմել է 48%:
«Կրծքով կերակրման երկու կողմ կա՝ մայրական իսկական կաթ, որը շատ քիչ նպաստում է կարիեսի առաջացմանը,- պարզաբանում է Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանի օրալ կենսաբանության կենտրոնի պատվավոր պրոֆեսոր Ուիլյամ Բոուենը:- Երկրորդը կրծքով կերակրման ֆիզիկական կողմն է, կամ ավելի ստույգ ասած՝ շշով կերակրումը, հենց այստեղ է ամբողջ խնդիրը»,- ասում է նա:
Երբ երեխան ծծում է մոր կուրծքը կամ շիշը, երեխայի թուքը դադարում է ընկնել ատամների վրա, ինչի հետեւանքով թուքն էլ չի ոչնչացնում բակտերիաները, եւ կարիեսի առաջացման ռիսկը մեծանում է, ասում է Բոուենը: Նրա խոսքով՝ լավ նորությունն այն է, որ շատ հեշտ է երեխայի ատամները մաքրել:
Պարզապես փափուկ կտորը կամ բամբակե ձողը քսեք երեխայի լնդերի վրա՝ սննդի մնացորդները հեռացնելու համար, խորհուրդ է տալիս բժիշկը:
Երեխային թույլ մի տվեք ամբողջ գիշերը բերանում պահել մոր կուրծքը, ասում է Բոուենը: Այդ դեպքում թուքը երկար ժամանակ չի շրջանառվի երեխայի բերանում, ինչը կարող է կարիես առաջացնել: