Արգանդի վզիկի սքրինինգները կարող են հազարավոր կյանքեր փրկել. գիտնականներ

16:50   16 սեպտեմբերի, 2016

Արգանդի վզիկի կանոնավոր սքրինինգները կարող են հազարավոր կանանց կանքը փրկել, համաձայն բրիտանական British Journal of Cancer ամսագրում հրապարակված հետազոտության:

Սքրինինգի համար քսուք են վերցնում` պարզելու, թե արդյոք փոփոխված բջիջներ կան, որոնք հետագայում կարող են վերաճել  քաղցկեղայինների: Նման սքրինինգները թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել շեղումները եւ նախաքաղցկեղային վիճակները եւ արդյունավետորեն բուժել դրանք:  

Հետազոտության հեղինակները վերլուծել են բրիտանացի 11 000 կնոջ բժշկական տվյալները եւ պարզել, որ բացի նրանցից, ում հաջողվել է հաղթահարել հիվանդությունը բուժման օգնությամբ, հնարավոր էր փրկել առնվազն 350 մարդ եւս, եթե նրանք կանոնավոր կերպով սքրինինգ անցնեին եւ եթե նրանց հիվանդությունն ավելի վաղ ախտորոշվեր: 

Գիտնականների խոսքով, ամենամյա գինեկոլոգիական հետազոտության շնորհիվ, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայում, արդեն հաջողվել է մոտ 2000 կին փրկել: Նշենք, որ Բրիտանիայում արգանդի վզիկի քաղցկեղից ամեն տարի մոտ 800 կին է մահանում:

Լոնդոնի Queen Mary համալսարանի հետազոտողները պնդում են, որ առավել արդյունավետ է  50-ից 64 տարեկան կանանց մոտ ախտորոշումը:

Հատուկ օնկոսքրինինգը, որն ուղղված է արգանդի վզիկի հիվանդություններն ի հայտ բերելուն, առաջարկում են Բրիտանիայում 25-ից 64 տարեկան բոլոր կանանց:  25-ից  49 տարեկան կանանց հրավիրում են բուժզննում անցնել երեք տարին մեկ, իսկ ով ավելի տարիքով է` 5 տարին մեկ անգամ:

Գիտնականների խոսքով, եթե սքրինինգ չանցկացվեր 50-ից 64 տարեկան հիվանդների մոտ, 5 անգամ ավելի շատ կին կմահանար:



© NEWS.am Medicine