Գետնանուշն ու ձվերն օգտակար են սննդային ալերգիայի կանխարգելման գործում

19:32   21 սեպտեմբերի, 2016

Վաղ մանկությունում հավի ձվի եւ գետնանուշի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել ավելի մեծ հասակում այդ մթերքների նկատմամբ ալերգիայի զարգացումը, ցույց է տվել նոր հետազոտությունը: 

Վերլուծության ընթացքում Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն ուսումնասիրել են 146 հետազոտության տվյալներ, որոնք տեղեկություններ են ներառել ավելի քան  200 հազար երեխայի մասին:

Արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց սննդի մեջ  4-6 ամսականում ձու են ներառել, 40 տոկոսով ավելի հազվադեպ են տառապել այդ մթերքների հանդեպ ալերգիայից նրանց համեմատ, ովքեր ձու են կերել ավելի մեծ հասակում: 

Իրենց հերթին, այն երեխաների մոտ, որոնց գետնանուշ պարունակող մթերքներ են տվել   (օրինակ` գետնանուշի յուղ), երբ նրանք ընդամենը  4-11 ամսական են եղել, գետնանուշի նկատմամբ ալերգիայի զարգացման ռիսկը նվազել է   70 տոկոսով:

Սակայն եթե երեխաների մոտ արդեն իսկ սննդային ալերգիայի կամ էկզեմայի նշաններ կան, չարժե նրանց այդպիսի մթերքներ տալ, նշում են հետազոտողները: Սկզբի համար պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ եւ համապատասխան հետազոտություն անցնել: 

Գիտնականները նաեւ նշում են, որ չարժե, որ փոքր երեխաները գետնանուշն ամբողջությամբ օգտագործեն շնչահեղձության ռիսկի պատճառով: Դրա փոխարեն ավելի լավ է նրանց գետնանուշի յուղ տալ համտեսելու: 

Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են, թե ալերգիայի ռիսկի վրա ինչպես է ազդում վաղ մանկությունում այնպիսի մթերքների օգտագործումը, ինչպիսին է կաթը, ձուկը, ընկույզը (նուշը) եւ ցորենը: Արդյունքում նրանք ոչ մի կապ չեն հայտնաբերել այդ գործոնի եւ տվյալ մթերքների հանդեպ ալերգիայի նվազման միջեւ: 

Այնուամենայնիվ, նշում են մասնագետները, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ, որոնք կկարողանային հաստատել ստացված արդյունքները, որովհետեւ հավաքված տվյալները բավարար չեն:



© NEWS.am Medicine