Բրիտանացին ինքն իրեն վիրահատել է

23:27   21 սեպտեմբերի, 2016

Տասնհինգ տարի առաջ Գրեհեմ Սմիթի (Graham Smith) աղիները վիրահատել էին, ինչից հետո հիվանդի մարմնում   20 սմ կար էր մնացել: Վիրահատությունից կարճ ժամանակ անց պարոն Սմիթը սկսել էր բավականին ուժեղ ցավեր զգալ, սակայն բողոքով հիվանդանոցին էր դիմել  միայն 2011 թվականին, երբ թելի  հատված էր նկատել, որը դուրս էր ցցված մաշկից: Այդ ժամանակ բժիշկը չի կարողացել զննել հիվանդին, որովհետեւ հիվանդանոցը չեղարկել է այցը:  

Գրեհեմ Սմիթի վիճակը վատացել է եւ հիվանդը, որն այդպես էլ չէր կարողացել բժշկի մոտ հայտնվել, որոշել է ինքնուրույն հանել կարերը: Ինքը` Սմիթը պարզաբանում է.  «Ինձ համար դա հեշտ որոշում չէր, ես հուսահատ էի, բայց պետք է վերահսկեի իրավիճակը եւ պատրաստ չէի նստել եւ մահանալ` սպասելով իմ հերթին»:

Վիրահատության անցկացման համար նա մի քանի գործիք է պատրաստել` փոփոխելով ատամնաբուժական տիտանե պարագաները, որոնք նրա համար ճարել է ատամնաբույժ ընկերը:  Նա ստիպված է եղել նեյլոնե թելերի վրա առաջացած շատ հանգույցներ քանդել: Այսպես` ընդամենը 8 մմ-անոց մի հատվածում նա  12 հանգույց է հաշվարկել:

Այժմ Գրեհեմ Սմիթն իրեն լավ է զգում: «Մի քիչ ցավոտ էր եւ թեթեւակի արյուն էր գալիս, բայց ես վստահ էի իմ արածին», –  տպավորություններն է ներկայացրել հիվանդը: Իմիջիայլոց, նա ոչ մեկին խորհուրդ չի տալիս կրկնել իր փորձը: 

Էյնթրիի հիվանդանոցի (Aintree Hospital) ներկայացուցիչներն ասել են, որ իրենք հիվանդի հետ շփվել են, նախքան նա կորոշեր ինքնուրույն վիրահատություն կատարել եւ երկուշաբթի հիվանդանոցում նրա համար ընդունելություն են նշանակել: Իսկ այժմ նրանք պատրաստ են զննել տղամարդուն եւ անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրել: 

Վիրաբույժների թագավորական ընկերակցության մամուլի քարտուղարը հիվանդներին թախանձագին խնդրում է հրաժարվել ինքնուրույն վիրահատություններ կատարելուց: Անհրաժեշտ նախապատրաստության բացակայության դեպքում դա կարող է լուրջ բարդությունների հանգեցնել:



© NEWS.am Medicine