Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ տարեկան կոնգրեսի ընթացքում Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի երեք մասնագետ դասախոսություններով հանդես կգա հայ մասնագետների համար: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահի տեղակալ Ռուբեն Հովհաննիսյանը:
Այս տարի կոնգրեսին 20 հյուր կմասնակցի Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Իսրայելից, Վրաստանից, Ռուսաստանից, Լիբանանից եւ ԱՄՆ-ից: Նրանց թվում կլինի Ուրոլոգների ամերիկյան ասոցիացիայի նախագահ Ռիչարդ Բաբայանը, որը ժամանակ է գտել Հայաստան գալու` ծանոթանալու այստեղ ուրոլոգիայի մակարդակին եւ մասնակցելու կոնգրեսին: Կոնգրեսին դասախոսություններով հանդես կգան նաեւ Ստեֆան Բուրջյանը Mayo Clinic-ից եւ Ռուսաստանի գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Դմիտրի Պուշկարը:
Հիշեցնենք, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական տարեկան կոնգրեսը տեղի կունենա Երեւանում` սեպտեմբերի 23-24-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում: Կոնգրեսի սկիզբը` առավոտյան 8:30-ին:
Կոնգրեսի առաջին օրը Եվրոպական դպրոցի դասընթաց կանցկացվի եվրոպացի դասախոսների մասնակցությամբ: Երկրորդ օրը եւս մի շարք նշանակալի դասախոսություններ են նախատեսված, որ կկարդան հյուրերը ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Լիբանանից: