Գորտնուկներ. ե՞րբ է պետք անհանգստանալ

13:11   18 մարտի, 2014

Շատ դեպքերում գորտնուկներն ու կոշտուկները կամ էպիդերմոիդ բշտերը ոչ ավելին են, քան աննկատ գոյացություն մաշկի վրա, որոնք չեն ցավում ու չեն անհանգստացնում:

Բայց երբեմն դա կարող է մեկ այլ բան էլ լինել, ուստի ավելի լավ է՝ բժշկի գնալ, խորհուրդ է տալիս Քլիվլենդի կլինիկան:

«Եթե դրանք իսկապես գորտնուկներ ու կոշտուկներ են, անհանգստանալու պատճառ չկա,- ասում է մաշկաբան Պամելա Էնգը:- Բայց եթե ցավ ու արնահոսություն կա, ավելի լավ է՝ բժշկի դիմել»:

Գորտնուկը մաշկի փոքր ելուստ է՝ մի քիչ ուռած: Այն մարմնագույն բարորակ գոյացություն է, որոնք առաջանում են մաշկի այն հատվածներում, որոնք շփվում են իրար հետ, ինչպես՝ պարանոցը, թեւատակերը եւ աճուկը:

Սովորաբար գորտնուկները բացի էսթետիկ անհանգստությունից ուրիշ հոգս չեն պատճառում: «Բայց երբ գորտնուկներն ուռչում են, կարմրում, արնահոսում, պետք է անհապաղ դիմել մասնագետի»,- ասում է բժիշկ  Էնգը:

էպիդերմոիդ բշտերը փոքրիկ բշտեր են մաշկի տակ՝ եղջերանյութով լցված, հանդիպում են մարմնի ցանկացած հատվածում: Դրանք մաշկագույն ելուստներ են մաշկի տակ:

«Եթե նման ելուստներ հայտնաբերեք մաշկի տակ, ես խորհուրդ կտամ ամեն դեպքում մասնագետի դիմել»,- ասում է բժիշկ Էնգը:

Ըստ ամենայնի, դրանք բարորակ գոյացություններ են, բայց եզակի դեպքերում ուռուցքը, նույնիսկ՝ չարորակ, եւս սկսվում է ինչպես ներմաշկային բշտիկը:

Գորտնուկների բուժման համար բժիշկ Էնգը նախընտրում է ցավազրկել գորտնուկի շրջակա հատվածն ու կտրել գորտնուկը:

Մյուս հնարավոր տարբերակը սառեցնելն է, որից 10-14 օր հետո գորտնուկն ընկնում է: Բայց սառեցումը կարող է գորտնուկի շուրջ մաշկի բորբոքում առաջացնել:

Գորտնուկների հեռացման երրորդ միջոցը ֆուլգուրացիան է՝ ասեղային էլեկտրոդի օգնությամբ հյուսվածքի չորացման վիրաբուժական միջամտությունը:

Ինչ վերաբերում է էպիդերմոիդ բշտերին՝ սովորաբար դրա դեմ ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ այն բացարձակ անվնաս է, բայց բորբոքման եւ ցավի դեպքում բժիշկը կարող է ստերոիդներ նշանակել, երբեմն՝ հակաբիոտիկների հետ:

Ամեն դեպքում, այս ամենը տնային պայմաններում անել խորհուրդ չի տրվում:

 



© NEWS.am Medicine