Վարսակի շիլան կարող է պաշտպանել սրտի կաթվածից. գիտնականներ

20:59   8 հոկտեմբերի, 2016

Կանոնավոր կերպով վարսակի շիլայի օգտագործումը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնում սրտի կաթվածի վտանգը: Այս մասին հաղորդում են կանադական St Michael's Hospital-ի մասնագետները:

Վաղուց էր հայտնի, որ վարսակն օգտակար է սրտի համար, սակայն նախկինում համարվում էր, որ օգտակարությունը պայմանավորված է միայն նրանով, որ այն նվազեցնում է արյան մեջ, այսպես կոչված, «վատ» խոլեստերինի մակարդակը: Հիմա գիտնականները պարզել են, որ վարսակում առկա մանրաթելերը նվազեցնում են նաեւ non-HDL խոլեստերինի եւ apoB-ի մակարդակը (apolipoprotein B, ցածր խտության լիպոպրոտեիններից միակ ապոլիոպրոտեին, «վատ խոլեստերինի» կրող, որը խոլեստերինը կուտակում է արյունատար անոթների պատերին):

Բանն այն է, որ վարսակը բետա-գլյուկաններ է պարունակում՝ լուծվող մանրաթելերի տեսակ, որը դանդաղեցնում է ածխաջրերի կլանումը: Դա կանխում է արյան մեջ շաքարի կտրուկ տատանումները եւ վերահսկողության տակ պահում ինսուլինը: Տարբեր երկրներից ավելի քան 4000 մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտությունների արդյունքում կանադացի գիտնականները պարզել են, որ բոլոր երեք մարկերների նվազման համար հարկավոր է օրական 3.5 գրամ բետա-գլյուկանով մանրաթել ուտել, ինչը հավասար է վարսակի շիլայի ոչ մեծ ափսեին:



© NEWS.am Medicine