Գիտնականները պարզել են կաթից հետո մարսողության խանգարումների պատճառը

10:41   11 հոկտեմբերի, 2016

Նովոսիբիրսկի պետական համալսարանի եւ Գրոնինգենի համալսարանի միկրոկենսաբանները պարզել են, որ կաթը չյուրացնող մարդիկ այն պետք է խմեն հանուն բիֆիդոբակտերիայի: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Nature genetics ամսագրում:

Մասնագետների միջազգային խումբը հետազոտել է, թե ինչ են օգտագործում Նիդեռլանդների բնակիչները: 18-ից մինչեւ 84 տարեկան ավելի քան 1.5 հազար տղամարդիկ եւ կանայք միկրոբիոմների հետազոտություն են անցել. դրանք մարդու ներքին օրգաններում հանդիպող բակտերիաների գաղութներ են:

Արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ մարդկային գենոմի 40-ից ավելի տեսակներ ներգործում են բակտերիաների քանակի կամ բակտերիալ գեների ֆունկցիոնալ խմբերի վրա:

Հետաքրքիր արդյունք է ստացվել LCT լոկուսում՝ գենի տեսակ, որը որոշում է լակտոզի յուրացման մարդու ունակությունը: Պարզվել է, որ մեծահասակների մոտ, որոնց օրգանիզմը լակտոզը չի յուրացնում, կաթնամթերքի օգտագործման եւ աղիներում Bifidobacterium տեսակի բակտերիայի քանակի միջեւ զգալի հարաբերակցություն կա: Միաժամանակ, լակտոզը յուրացնող մարդկանց մոտ այդ կախվածությունը լիովին բացակայում է:

«Այն, որ լակտոզը (կաթնաշաքար) յուրացնել չկարողացող մարդկանց մոտ բիֆիդոբակտերիաների մակարդակն ավելի բարձր է՝ ի տարբերություն այն ինքնուրույն տարրալուծել կարողացող մարդկանց, վաղուց էր հայտնի: Բայց որ լակտոզը յուրացնել չկարողացող մարդկանց մոտ բիֆիդոբակտերիաների մակարդակը դրականորեն փոխկապակցված է կաթնամթերքի օգտագործման հետ, նոր է հայտնաբերվում: «Ընդ որում՝ ելնելով այս երկու փաստից, ինչպես նախկինում, հասկանալի չէ՝ բիֆիդոբակտերիաները «անմեղ գառներ կամ ուլե՞ր» են»,- «Սիբմեդ» պորտալին ասել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի տեսական եւ կիրառական ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի աշխատակից Ալեքսանդր Կուրիլշչիկովը:

Նրա խոսքով՝ դիտարկվող զուգակցությունները կարելի է երկու եղանակով բացատրել:

Առաջին՝ մարդու մեջ որքան շատ են բիֆիդոբակտերիաները, նա այնքան շատ կարող է կաթնամթերք օգտագործել՝ առանց աղիքային խնդիրներ ունենալու: Դա, ըստ էության, այն մեխանիզմն է, որը նախապես առաջարկվել է բակտերիաների մակարդակի հետ LCT  լոկուսի զուգակցությունը հայտնաբերելիս: Դա բավական տրամաբանական է. եթե մարդը չի կարող ինքնուրույն տարրալուծել լակտոզը, նրա փոխարեն դա կարող են կատարել բիֆիդոբակտերիաները, եւ ստացված սննդանյութերը կարող են յուրացվել աղիների կոլոնոցիտների կողմից: Այս սցենարում բիֆիդոբակտերիաները լակտոզը չյուրացնող մարդուն օգնում են յուրացնել կաթնաշաքարը:

Երկրորդ՝ մարդը որքան շատ է կաթնամթերք օգտագործում, այնքան նրա մեջ շատ են բիֆիդոբակտերիաները: Այս դեպքում բիֆիդոբակտերիաներն ավելի շուտ չարիք են, քանի որ կաթի շատ օգտագործումը սովորական նյութափոխանակությամբ կարող է բակտերիաների աճ առաջացնել: Ենթադրվում է, որ դա մարդու համար այնքան էլ լավ հետեւանք չէ: Համանման մեխանիզմը աղիքային միկրոբիոմի համար հակացուցված է մյուս պոլիսախարիդի՝ ինսուլինի համար: Մարդն անկարող է այն ինքնուրույն յուրացնել, իսկ ահա բակտերիաները հաճույքով են ուտում: Արդյունքում՝ ինսուլինի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է աղիքային խանգարումների:



© NEWS.am Medicine