«Երրորդ ձեռքի միջոցով» ծխելը կարող է քաղցկեղ առաջացնել

15:58   19 մարտի, 2014

«Երրորդ ձեռքի միջոցով» ծխելը՝ տարածքում, որտեղ ծխել են, պատերին եւ կահույքին նստած նյութերի ազդեցությունը, քաղցկեղի ռիսկ է առաջացնում, պարզել են Բերքլիում ԱՄՆ-ի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի գիտնականները: Նրանք պարզել են, որ այդ ընթացքում ձեւավորվող նյութերը վնասում են ԴՆԹ-ն:

Բո Հանի գլխավորությամբ գիտական խումբը վաղուց ուսումնասիրում է այսպես կոչված՝ երրորդ փուլի պասիվ ծխելը կամ third-hand smoke-ը՝ «երրորդ ձեռքի ծուխը» (պարզապես պասիվ ծխելը կոչվում է «երկրորդ ձեռքի ծուխ»): Գիտնականները պարզել են, որ «երկրորդ ձեռքի» ծխի շատ բաղադրիչներ (ավելի քան 4000 նյութ) պահպանվում են՝ ներծծվելով կահույքի եւ նման այլ առարկաների մեջ: Դրանց թվում են գորգերը, որոնց վրա խաղում են երեխաները, եւ այն խաղալիքները, որոնք երեխան հաճախ բերանն է տանում: Միանալով սենյակի օդում առկա օզոնի եւ ազոտական թթվի հետ՝ ծխելու հետեւանքով մնացած նյութերը կարող են պոտենցիալ թունավոր բաղադրիչներ ձեւավորել: Ամերիկայի քիմիական միության (247th National Meeting & Exposition of the American Chemical Society) կոնֆերանսի շրջանակներում հրապարակված զեկույցում Բերքլիում ԱՄՆ-ի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի հետազոտողները ներկայացրել են այդ նյութերի խառնուրդի քիմիական հետազոտության իրենց ստացած արդյունքները, հայտնում է Fox News-ը:

Նյութերից, որոնք կարող են ձեւավորվել այդ ընթացքում, առավել վտանգավորը NNA-ն է՝ նիտրոզամինների խմբի միացությունը: Դրանք օրգանական միացություններ են, որոնցում ազոտ ու ազոտի օքսիդ է պարունակվում: Դրանք բոլորը մեծապես թունավոր են եւ կանցերոգեն ազդեցություն ունեն:

Լաբորատորիայում գիտնականները պարզել են, որ դրանք միավորվում են ԴՆԹ-ի մոլեկուլին՝ ձեւավորելով կայուն համալիրներ, ինչպես նաեւ մեծացնում են մուտացիաների մաքրությունը: Նիտրոզամինների առաջացրած ԴՆԹ մասնիկները բջիջների անկառավարելի բազմացման պատճառ են դառնում, որոնք քաղցկեղային ուռուցք են առաջացնում:

«Երրորդակի ծխելու վնասը լավագույն փաստարկ է՝ փակ տարածքներում ծխելը բոլորովին արգելելու համար»,- կարծում է Բո Հանը՝ հետազոտության ղեկավարը:

Տարածքում, որտեղ նախկինում ծխել են, վնասակար նյութերի ազդեցությունից ազատվելու համար պետք  է վերացնել ամբողջ փափուկ կահույքը, ներկել պատերը կամ նույնիսկ ամբողոջովին փոխել պատերի քարերը: Եթե դա հնարավոր չէ, պետք է գոնե մանրակրկիտ կերպով լվանալ եւ փոշեկուլով մաքրել սենյակի բոլոր առարկաները:

 



© NEWS.am Medicine