Ծխախոտի տուփի վրա սարսափեցնող պատկերները կարող են օգնել ծխելու դեմ պայքարին. մասնագետներ

15:24   12 հոկտեմբերի, 2016

Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա արժե սարսափազդու պատկերներ տեղադրել, ինչպես արվում է աշխարհի շատ երկրներում: Դա կարող է օգնել ծխելու դեմ պայքարին, համոզված են ուռուցքաբան, քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանը եւ ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը:

Ծխախոտի տուփերի վրա ծխելու հետեւանքով առաջացող հիվանդություններով մարդկանց պատկերներ տեղադրելու պրակտիկան բավական տարածված է մեծ թվով երկրներում: Համարվում է, որ մարդկանցից շատերը, հատկապես՝ դեռահասները, ծխել սկսում են հանուն «գլամուրային» կերպարի եւ միայն այն պատճառով, որ ծխելը «նորաձեւ» է: Տարածված կարծիքի համաձայն՝ ծխախոտի տուփն արտաքուստ ոչ գրավիչ դարձնելով, կարելի է նվազեցնել ծխողների ընդհանուր թիվը:

Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա առայժմ միայն տեղադրված է բավական աբստրակտ գրառում, որ ծխելն առողջության համար վնասակար է: Ցավոք, նման գրառումներին քչերն են ուշադրություն դարձնում, իսկ ահա տեսողական պատկերները, փտող ատամների եւ քաղցկեղային ուռուցքով ախտահարված կոկորդի լուսանկարները, մասնագետների կարծիքով, կարող են ավելի արդյունավետ վանել մարդկանց ծխելուց:

Ըստ Գեւորգ Գրիգորյանի, եթե սիգարետի տուփի վրա նման պատկերներ լինեն, ծխողները հազիվ թե այն հանգիստ ճաշասեղանին դնեն, ինչպես հիմա են անում: Արդյունքում հնարավոր է, որ նրանք արդեն ավելի քիչ կծխեն, ավելին՝ երեխաները եւ դեռահասներն ավելի հազվադեպ կտեսնեն ծխախոտի տուփը, եւ դրանց հանդեպ ավելի նվազ հետաքրքրություն կունենան:

Մասնագետների կարծիքով՝ ծխելու դեմ արդյունավետ պայքարի համար շատ կարեւոր է ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների մասին տեղեկատվության տարածումը: Բոլորն են լսել, որ ծխելը վնասակար է, սակայն ծխողների մեծ մասն իրականում ոչ մի տեղեկություն չունի, թե իրականում այն որքան վտանգավոր է իրենց եւ իրենց ընտանիքի համար, ծխախոտն ինչ լուրջ հարված կարող է հասցնել իրենց առողջությանը: Եթե մարդիկ ավելի շատ գրագետ, ճշգրիտ տեղեկություն ունենան առողջության վրա ծխելու ազդեցության մասին, նրանցից շատերին ծխելն արդեն այնքան էլ գրավիչ չի թվա:



© NEWS.am Medicine