Երիկամի մարջանաձեւ քարերն «Էրեբունի» ԲԿ–ում հեռացվում են առանց բաց վիրահատության

17:52   13 հոկտեմբերի, 2016

Միզաքարային հիվանդությունը ժամանակակից ուրոլոգիայի ամենաակտուալ եւ հաճախադեպ խնդիրներից մեկն է, իսկ նրա առավել ծանր ձեւը մարջանաձեւ քարերի առկայությունն է երիկամներում: Բայց նույնիսկ այդ ծանր ձեւն այսօր բուժվում է` առանց բաց վիրահատական միջամտության, մասնավորապես` միջմաշկային նեֆրոլիտոտրիպսիայի մեթոդով:

Այժմ միջմաշկային նեֆրոլիտոտրիպսիան իրեն հուսալիորեն դրսեւորել է որպես մարջանաձեւ քարերով հիվանդների բուժման ստանդարտ մեթոդ` ապահովելով կինիկական արդյունավետություն 85-98 % դեպքերում: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքում այդ վիրահատությունն արվում է 2006 թվականից եւ առ այսօր արվել է ավելի քան 1000 անգամ:

Մարջանաձեւ նեֆրոլիտիազի առանձնահատկությունն այն է, որ նա լցնում է սկահակ-ավազանային համակարգի խոռոչները եւ այդ պատճառով էլ ունենում է մարջանի տեսք: Մարջանաձեւ քարերը դժվարացնում են մեզի արտահոսքը, բայց երկար չեն խոչընդոտում այն, ինչը նպաստում է նոր, ավելի մանր եւ մեկուսի զանգվածների գոյացմանը: Սա ծանր պաթալոգիա է, նենգ` իր բարդացումներով, եւ պահանջում է անհապաղ բուժում:

Հետզհետե, քարի չափսերի մեծանալով, հիվանդը գանգատվում է ծանրությունից, գոտկատեղի շրջանում բութ նվացող ցավերից: Բայց այդ համախտանիշը հայտնվում է այնքան աննկատ, որ մարդը դժվարությամբ, երբեմն էլ ընդհանրապես չի կարողանում որոշել դրանց ի հայտ գալու ժամանակը:

Այս դասի վիրահատություններ կատարելու հիմնական պայմաններից մեկը տեխնիկապես հագեցած վիրահատարանն է, որ ներառում է ռենտգենէնդոսկոպիկ կոմպլեքս, գերձայնային հետազոտության սարք, էնդոսկոպիկ սարքավորումներ, անձնակազմին ռենտգեն ճառագայթներից պաշտպանող համակարգ, համապատասխան դեղորայքի առկայություն, որն անհրաժեշտ է վիրահատությունից հետո հիվանդների վերականգնման համար:

«Էրեբունի» ԲԿ-ում ռենտգենէնդոսկոպիկ սրահը հագեցած է Siemens ֆիրմայի (Գերմանիա) Uroskop Access ռենտգենոլոգիական կոմպլեքսով, Siemens ֆիրմայի գերձայնային ախտորոշիչ սարքով, Richard Wolf ֆիրմայի (Գերմանիա) էնդոսկոպիկ հենակով, Swiss  LITHOKLAST եւ LITHOKLAST-MASTER սարքերով (EMS ֆիրմա, Շվեյցարիա)` քարերի կոնտակտային մանրացման համար, Richard Wolf ֆիրմայի (Գերմանիա) Megapulse լազերով, Carl Storz ֆիրմայի (Գերմանիա) էնդոսկոպիկ գործիքներով, որոնք թույլ են տալիս քարերը հեռացնել միզաթորման համակարգի բոլոր մակարդակներից: 

Միջմաշկային նեֆրոլիտոտրիպսիայի 90% դեպքերում ցավազրկման համար կիրառվում է սպինալ-էպիդուրալ անզգայացում:

Վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով. Որովայնի վրա անցք է բացվում, դրվում է պատյան, որով մտցվում է էնդոսկոպիկ գործիք եւ լիտոտրիպտորի զոնդ: Համակցված լիտոտրիպտորի շնորհիվ` կատարվում է երիկամային քարերի փշրում եւ միաժամանակ կտորտանքների հեռացում:

Քարի կտորները փշրելուց եւ հեռացնելուց հետո` միզային ադեկվատ հոսքը երիկամների խոռոչային համակարգ ապահովելու նպատակով դրվում է նեֆրոստոմա: Վիրահատական միջամտության այդ տեսակը թույլ է տալիս երիկամների խոռոչային համակարգից հեռացնել տարբեր չափերի քարեր, քիչ տրավմատիկ է, հիվանդների համար հեշտ հաղթահարելի է, վերականգնման փուլը տեւում է 1-5 օր:

Միզաքարային հիվանդությունների ժամանակ վիրահատական հիմնական միջամտությունները, որոնք արվում են «Էրեբունի» ԲԿ-ում, հետեւյալն են.

«Էրեբունի» ԲԿ ուրոլոգիայի բաժանմունքում միզաքարային հիվանդությունների դեպքում բաց վիրահատություններ չեն կատարվում:

https://www.erebunimed.com/arm/news.more/206



© NEWS.am Medicine