5 սխալ սննդում, որոնք բացասաբար են ազդում ոսկորների առողջության վրա

18:57   14 հոկտեմբերի, 2016

 Սննդից եւ ֆիզիկական ակտիվությունից կախված են ոչ միայն մեր ինքնազգացողությունն ու մարմնի կազմվածքը, այլեւ ոսկորների առողջությունը: Առողջ սննդակարգն օգնում է ամրացնել ոսկորները, իսկ սխալ սննդակարգը՝ հակառակը, դրանք խոցելի եւ փխրուն է դարձնում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդակարգում ներառված սխալ մթերքները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ ոսկորների առողջության վրա:

Աղի ավելցուկ

Սննդակարգում աղի ավելցուկի պատճառով կալցիումի պաշարները մեզի հետ արագորեն դուրս են գալիս օրգանիզմից: Կալցիումն անհրաժեշտ է մեր ոսկորներին, եւ դրա դեֆիցիտը ոսկորներն ավելի խոցելի է դարձնում, մեծացնում ապագայում օստեոպորոզի առաջացման վտանգը: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ սննդակարգում օրական աղի քանակությունը 10-ից 5 գրամի հասցնելը նույնպիսի արդյունք կապահովի, ինչ օրական 1.000 մգ-ով կալցիումն ավելացնելը:

Գազավորված ըմպելիքներ

Մանկության տարիներին, երբ ամրանում են ոսկորները, մեծ քանակությամբ քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը չափազանց վտանգավոր է: Գազավորված ըմպելիքներում առկա ֆոսֆորը սահմանափակում է կալցիումի յուրացումը եւ նվազեցնում մագնեզիումի մակարդակը, որոնք անհրաժեշտ են ոսկորների աճի համար:

Սուրճ

Սուրճը նույնպես նվազեցնում է կալցիումի յուրացման մակարդակը, այդ պատճառով եթե օրական ավելի քան 3-4 գավաթ սուրճ եք խմում, պետք է զգալիորեն ավելացնեք կալցիումի քանակությունը սննդակարգում, հակառակ դեպքում տարիքի հետ թույլ եւ փխրուն ոսկորներ կունենաք: Որոշ գիտնականներ պնդում են, որ լավ գաղափար է սուրճը թեյով փոխարինելը, ինչը կօգնի նվազեցնել ազդրերի կոտրվածքի վտանգը:

Ալկոհոլ

Ալկոհոլի սիրահարների ոսկորները հաճախ թույլ են լինում. եթե օրական 150 գրամից ավելի մաքուր ալկոհոլ եք օգտագործում, դա հանգեցնում է աղիներում կալցիումի կլանման խախտման: Ալկոհոլը նաեւ ազդում է լյարդի վրա եւ վատթարացնում ոսկորների վիճակը:

Շոկոլադ

Չնայած շոկոլադը ֆլավոնոիդներ եւ կալցիում է պարունակում, այսինքն՝ ոսկորների ամրության հետ կապված նյութեր, դրանում նաեւ օքսալատներ կան, որոնք ճնշում են կալցիումի կլանման գործընթացը: Բացի այդ՝ շոկոլադը շաքար է պարունակում, որն օրգանիզմից դուրս է բերում կալցիումն ու մեծացնում օստեոպորոզի վտանգը: Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում շատ շոկոլադ ուտել:



© NEWS.am Medicine