Մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել

15:40   17 հոկտեմբերի, 2016

Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով նրանց մոտ վիրուսային բեռը ծայրահեղ բարձր է, բայց նրանք միանգամայն առողջ են, իսկ ՄԻԱՎ-վարակը չի վերածվում ՁԻԱՀ-ի, չնայած դա պետք է վաղուց տեղի ունենար: Գիտնականները վստահ են, որ նրանց մոտ երբեք ՁԻԱՀ չի լինի, եթե անգամ համապատասխան բուժում չստանան:

Այս ֆենոմենը, Օքսֆորդի համալսարանի գիտնականների կարծիքով, առաջին հայացքից հակասում է այն ամենին, ինչ մեզ հայտնի է ՄԻԱՎ-ի մասին: Այս վիրուսը հարձակում է գործում մարդու իմունային համակարգի վրա՝ այն խոցելի դարձնելով տարատեսակ վարակների հանդեպ եւ ժամանակի ընթացքում հանգեցնելով ՁԻԱՀ-ի առաջացման: Նշված երեխաները, որոնք արդեն ավելի քան 5 տարեկան են, թույլ իմունիտետ ունեն, սակայն ՁԻԱՀ-ի առաջացման հավանականությունը նրանց մոտ, ամեն դեպքում, գրեթե զրոյական է:

Տարիներ շարունակ գիտնականները հետեւում են ՄԻԱՎ-վարակով հիվանդների արյան անալիզներին: Նրանք պարզել են, որ երեխաների 5%-ը, այսպես կոչված, ոչ-պրոգրեսորներ են: Հիմա հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց բջիջներում որոշակի ռեցեպտոր-սպիտակուցի մակարդակը ցածր է. սովորական պայմաններում ՄԻԱՎ-վիրուսը CCR5 կոչվող հատուկ սպիտակուցի միջոցով մտնում է բջիջների մեջ, իսկ առանց դրա վիրուսը չի կարող բազմանալ:



© NEWS.am Medicine