Կարմիր գինու մեջ առկա նյութը պաշտպանում է ձվարանների պոլիկիստոզի սինդրոմից

12:52   20 հոկտեմբերի, 2016

Կարմիր գինու մեջ առկա նյութը կարող է պաշտպանել ձվարանների պոլիկիստոզի սինդրոմից, որն աշխարհում կանանց անպտղության պատճառներից մեկն է: Այս մասին հայտնել են University of California-ի գիտնականները:

30 կանանց մասնակցությամբ նրանց վերջին հետազոտությամբ պարզվել է, որ կարմիր գինու եւ ընկուզեղենի մեջ պարունակվող ռեսվերատրոլ նյութը կարող է օգնել ձվարանների պոլիկիստոզ ունեցող կանանց  հորմոնալ անհավասարակշռության դեմ պայքարին: Գիտնականների խոսքով՝ այդ նյութը ոչ միայն հակաբորոքային էֆեկտով է օժտված, այլեւ էականորեն նվազեցնում է ձվարանների պոլիկիստոզ ախտանիշով կանանց մոտ տեստոստերոնի եւ դեգիդրոէպիանդրոստերոն սուլֆատի մակարդակը, վեջինը եւս մեկ հորմոն է, որը տեստոստերոնի է փոխարկվում:

Ձվարանների պոլիկիստոզ ախտանիշով 30 կանայք University of Poznan-ում (Լեհաստան) 3 ամսվա ընթացքում կամ ռեսվերատրոլ պարունակող սննդային հավելուկ են ստացել, կամ պլացեբո: Երեք ամիս հետո պատրաստուկն ընդունած կանանց մոտ տեստոստերոնի եւ  դեգիդրոէպիանդրոստերոնի մակարդակը նվազել է համապատասխանաբար՝ 23.1 եւ 22.2 տոկոսով, իսկ պլացեբո ընդունած կանանց մոտ այդ հորմոնների մակարդակն աճել է համապատասխանաբար՝ 2.9 եւ 10.5 տոկոսով: Ավելին՝ ռեսվերատրոլ ընդունող կանանց մոտ 2-րդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը նվազել է, քանի որ նրանց օրգանիզմը ինսուլինի նկատմամբ ավելի ընկալունակ է դարձել:

Գիտնականների կարծիքով՝ այսպիսով, ռեսվերատրոլը կարող է օգնել հորմոնալ հավասարակշռության վերականգնմանը եւ մեծացնել կանանց հղիանալու հնարավորությունները:

Ձվարանների պոլիկիստոզի ախտանիշի պատճառներն առայժմ մինչեւ վերջ հետազոտված չեն, սակայն բացառված չէ, որ այդ հիվանդության առաջացման հարցում դերակատարում ունեն նաեւ ժառանգական հակվածությունը եւ հորմոնալ անհավասարակշռությունը (տեստոստերոնի եւ անդրոգենների բարձր մակարդակը): Հայտնի է, որ այդ ախտանիշով տառապում է աշխարհում յուրաքանչյուր տասներորդ կինը: Ավելին՝ սա առավել հաճախ հանդիպող հիվանդություն է պտղաբեր տարիքի կանանց շրջանում:

Այս հետազոտության մասին հայտնում է Journal of Clinical Endocrinology & Metabolism-ը:

 



© NEWS.am Medicine