56-ամյա տղամարդը հաղթահարել է կրծքի քաղցկեղը

17:24   27 հոկտեմբերի, 2016

Մայքլ Սինգերը մի քանի ամիս շարունակ ուշադրություն չէր դարձրել իր ձախ պտուկի կոշտացմանը: 2010 թվականի դեկտեմբերին նա, այնուամենայնիվ, բժշկի է դիմել: Բիոփսիա է կատարվել, որի արդյունքում բժիշկը եզրակացրել է, որ Մայքլի մոտ կրծքի քաղցկեղ կա, որը երկրորդ փուլում է:

Այժմ 56 տարեկան Մայքլը չափազանց զարմացած էր. նա կարծում էր, որ տղամարդկանց մոտ կաթնագեղձի քաղցկեղ չի հանդիպում: Իսկապես, տղամարդկանց շրջանում կրծքի քաղցկեղը 100 անգամ հազվադեպ է պատահում, սակայն նրանց շրջանում մահացածությունն ավելի բարձր է, քանի որ տղամարդիկ հազվադեպ են կաթմագեղձերի հեռազոտություն անցնում, եւ նրանց մոտ հիվանդությունն ուշ է ախտորոշվում:

Մայքլի քույրը կրծքի քաղցկեղից է մահացել նրա ախտորոշումից երկու տարի առաջ: Նա որոշել է իր ախտորոշումը բոլորից թաքցնել եւ այդ մասին ոչ մեկին չի ասել, կնոջից բացի:

«Այնպիսի զգացողություն ունեի՝ ասես հրեշ լինեի»,- այժմ մտաբերում է Մայքլը:

Նա անհրաժեշտ բուժում է անցել՝ ներառյալ մաստեկտոմիայի վիրահատություն՝ կաթնագեղձի մի հատվածի հեռացում: Մայքլը հիմա իրեն լավ է զգում:

Իր հիվանդության մասին նա որոշել է խոսել բուժումից միայն 1,5 տարի հետո: Դրան նրան դրդել է տղամարդկանց մասին հաղորդման դիտումը, որոնք հաղթահարել են կրծքի քաղցկեղը: Պարզվել է, որ նույնիսկ կաթնագեղձի քաղցկեղով հիվանդացած տղամարդկանց միություն կա (Male Breast Cancer Coalition): Միության հիմնադիրը 30-ամյա Բրեթ Միլերն է, ում հիվանդությունն ախտորոշել էին աջ պտուկի տակ տարօրինակ կոշտացում նկատելուց 7 տարի հետո: Բրեթն իր փորձը սարսափելի է համարում եւ այս միությունը ստեղծել է տղամարդկանց օգնելու եւ զգուշացնելու համար:

Մայքլը շուտով դարձել է այդ կազմակերպության անդամ եւ ակտիվիստ, նա տղամարդկանց կաթնագեղձի քաղցկեղի մասին տեղեկություններ է տարածում: Նա այլեւս չի ամաչում, որ կաթնագեղձի քաղցկեղով է հիվանդացել եւ տղամարդկանց ցուցադրում է, թե ինչպես կատարել ինքնախտորոշում: Հիվանդներից շատերը, մտածելով, որ ուղղակի չեն կարող կրծքի քաղցկեղով հիվանդանալ, բժշկի են դիմում ուշացած, ինչը հանգեցնում է բուժման ոչ արդյունավվետության, եւ շատ հիվանդներ մահանում են, չնայած բուժումը վաղ սկսելու դեպքում միանգամայն հնարավոր է, որ բուժվեին:

Հայտնի է, որ կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարի խորհրդանիշն է վարդագույն ժապավենը: Այս ախտորոշմանը բախված Մայքլը եւ մյուս տղամարդիկ կարծում են, որ «այդ վարդագույն օվկիանոսին պետք է մի փոքր կապույտ գույն ավելացնել»:



© NEWS.am Medicine