Հիվանդի աղիքային գազերը հիվանդանոցում հրդեհի պատճառ են դարձել

20:51   1 նոյեմբերի, 2016

Տոկիոյի բժշկական համալսարանի հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառը հիվանդի աղիքային գազերն են եղել: Ճապոնական Asahi Shimbun պարբերականի տեղեկացմամբ՝ նման եզրահանգման է եկել փորձագիտական հանձնաժողովը:

Ըստ Lenta-ի՝ հիվանդանոցում հրդեհը բռնկվել է գինեկոլոգիական վիրահատության ժամանակ: Անսպասելիորեն բռնկված կրակը տարածվել է վիրահատական ծածկոցներով, եւ հիվանդը մարմնի զգալի հատվածի այրվածքներ է ստացել:

Հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար փորձագետների են ներգրավել: Նրանք պարզել են, որ վիրահատարանում հրդեհավտանգ նյութեր չեն եղել, իսկ բուժսարքավորումները խնդիրներ չեն ունեցել: Հիվանդանոցի բուժանձնակազմի գործողությունների նկատմամբ նույնպես պահանջներ չկան:

Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ հրդեհի պատճառ են դարձել տուժածի գազերը: Ամենայն հավանականությամբ՝ կնոջ աղիքային գազերը խառնվել են օդին, այնուհետեւ բժշկի օգտագործած ճառագայթի ազդեցությամբ բռնկվել:



© NEWS.am Medicine