Դիմային պրոթեզ ստեղծելու համար բրազիլացի բժիշկներն օգտվել են սմարթֆոնից (ֆոտո)

17:31   4 նոյեմբերի, 2016

Բրազիլիայի Պաուլիստի համալսարանի բժիշկները սմարթֆոնի Autodesk 123 D հավելվածի օգնությամբ տղամարդու համար դիմային պրոթեզ են ստեղծել: Հավելվածի օգնությամբ նրանք ստեղծել են ապագա պրոթեզի եռաչափ մոդելը եւ այն տպագրել 3D պրինտերով:

2008 թվականին բժիշկները Կառլիտո Կոնսեյսայոյի վերին ծնոտի վրա ագրեսիվ չարորակ ուռուցք էին հայտնաբերել: Ուռուցքն արագորեն մեծանում էր՝ ախտահարելով դեմքի աջ հատվածի հյուսվածքները: Հիվանդի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված էին վիրահատություն կատարել, որի ընթացքում տղամարդը զրկվել է մի աչքից եւ քթի մի մասից:

Տղամարդու դեմքը խեղվել էր: Նրա համար ստեղծված պրոթեզը փխրուն էր, վատ էր մնում դեմքին եւ անընդհատ ընկնում էր: Այս ամենը հանգեցրել էր դեպրեսիայի եւ տղամարդու կյանքի որակի վատթարացման: «Ես չէի կարողանում աշխատել եւ ճգնավորի էի վերածվել, քանի որ որտեղ էլ հայտնվեի՝ մարդիկ ինձ էին նայում եւ մատով ցույց տալիս: Ես ստիպված էի մշտապես արեւային ակնոց կրել».- ասել է տղամարդը:

Վիրահատությունից ութ տարի հետո բժիշկները Կոնսեյսայոյին առաջարկել են օգտվել դիմային պրոթեզի ստեղծման նոր մեթոդիկայից՝ սմարթֆոնի Autodesk 123 D հավելվածի օգնությամբ: 3D մոդելի ստեղծման համար հետազոտողները դեմքի վնասված հատվածի 15 լուսանկար են արել, որոնք հետո վերափոխվել են եռաչափ պատկերի: Հետագայում սիլիկոնային պրոթեզը տպագրել են 3D պրինտերով:

Ռոդրիգո Սալազարն ասել է, որ այս նախագծի աշխատանքները 2 տարի են ընթացել, սակայն բուն պրոթեզի պատրաստումը մեկ օրից պակաս է տեւել: Եվս 2 ժամ տեւել է պրոթեզի տեղադրման վիրահատությունը: Սիլիկոնային պրոթեզը մագնիսների օգնությամբ ամրանում է հոնքի տակ դրված տիտանե երեք հեղույսներին:

Առայժմ հայտնի չէ, թե պրոթեզը որքան կծառայի: Պորթեզը ստեղծողները ենթադրում են՝ մեկից մինչեւ երեք տարի. այն փոխելը բարդ չի լինի, իսկ նորի արժեքը ցածր կլինի:



© NEWS.am Medicine