Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել

19:39   5 նոյեմբերի, 2016

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ մեծ թվով բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է վերքի ապաքինման գործընթացը դանդաղեցնել եւ նույնիսկ այրվածքների պատճառ դառնալ:

Fortis Hospital-ի (Մումբա) պրոֆեսոր Փրադիլ Շախը պնդում է, որ չնայած սպիրտը (ինչպես եւ ջրածնի պերօքսիդը) վերքի տեղում ճնշում է բակտերիաների ակտիվությունը, սակայն նաեւ այրում է մաշկի առողջ բջիջները՝ այդպիսով դանդաղեցնելով վերքերի ապաքինման գործընթացը: Ավելին՝ սպիրտով մշակելուց հետո վերքը հաճախ սկսում է ցավել, այտուցվել, գրգռվել ու քոր գալ:

Մասնագետի խոսքով՝ բժշկության մեջ սպիրտը կարող են օգտագործել ախտահանելու համար, բայց միայն առողջ, չվնասված մաշկի համար, օրինակ՝ ներարկում կատարելուց կամ արյուն վերցնելուց առաջ: Մինչդեռ խորհուրդ չի տրվում վնասված մաշկը մշակել սպիրտով կամ պերօքսիդով՝ վերեւում նշված պատճառով:

Ի՞նչ նյութով է անհրաժեշտ վերքը մշակել

Մասնագետը խորհուրդ է տալիս այն առաջին հերթին ծորակի հոսող ջրով լվանալ: Կարելի օգտվել հակամանրէային կամ ցանկացած այլ փափուկ օճառից, որը ձեռքի տակ կլինի: Վերքը ջրի տակ պահեք մի քանի րոպե՝ ցանկացած աղտ եւ արյունը մաքրելու համար: Դրանից հետո վերքի վրա չոր սրբիչ դրեք, այնուհետեւ օգտագործեք հակամանրէային կրեմ եւ վերքը չոր մաքուր վիրակապով կամ թանզիֆով վիրակապեք:

Եթե վերքը շատ խորն է, իսկ արյունահոսությունը ոչ մի կերպ չի հաջողվում դադարեցնել, մասնագետը խորհուրդ է տալիս կապել ֆիքսող լարանով եւ շտապ բժիշկի դիմել, քանի որ ցանկացած դանդաղում կարող է հանգեցնել արյան մեծ կորստի: Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չկիրառել վերքերի մշակման «ժողովրդական» միջոցներ, օրինակ՝ քրքում, կարագ եւ շիբ, դրանք միայն բորբոքումը վատթարացնում են:



© NEWS.am Medicine