Նախադաշտանային սինդրոմի շրջանում սննդակարգը. արժե՞ քաղցրեղեն ուտել

16:31   10 նոյեմբերի, 2016

Այսպես կոչված, նախադաշտանային սինդրոմի (ՆԴՍ) ժամանակ կանանցից շատերը քաղղցրեղեն եւ սովորական ածխաջրեր օգտագործելու ցանկությամբ են համակվում: Արժե՞, արդյոք, տրվել գայթակղությանը: Ընդհանրապես, ինչպե՞ս  պետք է սնվել այդ ընթացքում: Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ ՆԴՍ-ն սովորաբար 1-2 օր է տեւում, որի ընթացքում կանայք ավելի նյարդային, զգայուն եւ քմահաճ են դառնում: Եթե այդ ժամանակահատվածում կնոջ մոտ քաղցրի հանդեպ անհաղթահարելի ձգտում է առաջանում, անիմաստ է դիմադրելը, ավելի լավ է, ամեն դեպքում, ուտել այն, եւ սարսափելի ոչինչ չի պատահի, հատկապես, եթե ամբողջ ամսվա ընթացքում կինը ճիշտ է սնվել, եւ նրա սննդակարգում գերակշռել են բանջարեղենը, միրգը, հատիկավորներից պատրաստված մթերքները եւ սպիտակ միսը:

Իհարկե, ո՛չ ՆԴՍ-ի, ո՛չ ցանկացած այլ ժամանակ չարժե շատ քաղցրեղեն ուտել: Դրանից զատ՝ քաղցրի ցանկությունը կարելի է փորձել բավարարել մրգերով կամ չրերով, որոնք նույնպես բավական քաղցր են, բացի այդ՝ մեծ քանակով մանրաթելեր են պարունակում, որի շնորհիվ ավելի արագ են հագեցնում, քան, օրինակ, կոնֆետը կամ շոկոլադը:

ՆԴՍ-ի ժամանակ կերած քաղցրեղենը հազիվ թե ավելորդ կիլոգրամներ հավաաքելու պատճառ դառնա: Նշենք, որ ՆԴՍ-ի ժամանակ բոլոր կանանց քաշը մի փոքր ավելանում է, բայց դա ոչ թե սննդակարգի փոփոխությամբ է պայմանավորված, այլ դաշտանից առաջ օրգանիզմում ավելորդ հեղուկից ազատվելու հապաղմամբ: Կանանցից շատերը ՆԴՍ-ի ժամանակ նույն պատճառով կարող են այտուցներ նկատել դեմքին եւ ոտքերին: Եթե ՆԴՍ-ի ժամանակ կինը սկսում է ավելի շատ աղի կերակուր ուտել, ապա այդ այտուցներն ավելի նկատելի են դառնում:

Հասմիկ Աբովյանը նշեց, որ եթե ամսվա ընթացքում կինը ճիշտ է սնվում, ապա նրա մոտ ՆԴՍ-ի նշաններն ավելի պակաս են արտահայտվում, քան նրանց մոտ, ովքեր անվերահսկելի քաղցր եւ յուղոտ մթերքներ են ուտում: Հետեւաբար՝ կանանց, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում ամբողջ ամսվա ընթացքում հետեւել առողջ, ճիշտ սննդակարգի, իսկ եթե ՆԴՍ-ի ժամանակ քաղցրեղեն ուտելու ցանկությունը շատ մեծ է, կարելի տրվել գայթակղությանը եւ ուտել, իհարկե՝ չափավոր:



© NEWS.am Medicine