Պրոբիոտիկները լավացնում են Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մտավոր ֆունկցիաները

13:02   15 նոյեմբերի, 2016

Kashan University of Medical Sciences-ի եւ Islamic Azad University-ի գիտնականները կապ են հայտնաբերել աղիների միկրոբիոմի եւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մտավոր ֆունկցիաների միջեւ: Մասնագետները նկատել են, որ պրոբիոտիկների՝ Lactobacillus եւ Bifidobacterium բակտերիաների միջոցով միկրոբիոմի կարգավորումը հանգեցնում է հիվանդների ուղեղի գործունեության զգալի լավացման: Հիվանդներից նրանք, ովքեր պրոբիոտիկներ են ընդունել, ավելի մեծ հաջողությամբ են հաղթահարել մտավոր ֆունկցիաների թեստերը:

Աղիներում ապրող «օգտակար» բակտերիաները կարող են օրգանիզմը մասամբ մաքրել շատ հիվանդություններ կրողներից՝ էկզեմայի, ալերգիայի, ատամների որոշ հիվանդությունների եւ այլն: Նախկինում հետազոտություններն իրականացվել են կրծողների վրա, որոնցով պարզվել է, որ պրիոբիոտիկներ ստացած կենդանիներն ավելի հեշտ վարժեցվող են դարձել, լավացել է նրանց հիշողությունը, նվազել են դեպրեսիայի եւ այլ խանգարումների դրսեւորումները: Իսկ այժմ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 60-ից 95 տարեկան 52 մարդկանց մասնակցությամբ իրականացված հետազոտությունը հաստատել է այդ տվյալները: Հետազոտության մասնակիցներից կեսը ամեն օր մեկ բաժակ (200 մլ) կաթ է խմել, որին ավելացվել է բակտերիաների 4 տեսակ՝ Lactobacillus acidophilus, Lactobacillus casei, Lactobacillus fermentum եւ Bifidobacterium bifidum, յուրաքանչյուր տեսակից գրեթե 4 մլրդ բակտերիա: Երկրորդ կեսը մտնում էր վերստուգող խմբի մեջ, նրանք խմել են պրոբիոտիկներ չպարունակող կաթ:

Հետազոտության սկզբում, այնուհետեւ 12 շաբաթ հետո մասնագետները յուրաքանչյուր մասնակցի արյան անալիզ են կատարել, նաեւ առաջարկել են մտավոր ֆունկցիաների որոշման թեստ անցնել. մասնակիցները պետք է ասեին ընթացիկ ամսաթիվը, հակառակ կարգով 100-ից հաշվեին յոթնյակներ հանելով, անվանեին որեւէ իր, արտահայտություն կրկնեին, պատկեր պատճենեին: Հետազոտության սկզբում 30-միավորանոց սանդղակով միջին արդյունքը պրոբիոտիկներ ստացած խմբում կազմել է մոտ 8,7 միավոր եւ մոտ 8,5 միավոր վերստուգիչ խմբում: 12 շաբաթ հետո բակտերիաներով հարստացված կաթ խմած մասնակիցների մոտ լավացում է գրանցվել՝ նրանց միջին միավորը մեծացել է մինչեւ 10,6: Վերստուգիչ խմբում, հակառակը, վատացում է գրանցվել՝ մինչեւ 8,0: Չնայած առողջ մարդկանց համեմատությամբ հիվանդների արդյունքներն այնքան էլ տպավորիչ չեն, տվյալ դեպքում այդ 2 միավորը կարելի է էական առաջընթաց համարել:

Թեստերի արդյունքներից բացի, հիվանդների մոտ կատարվել են այլ փոփոխություններ եւս: Պրոբիոտիկներ ստացած խմբում նկատվել է արյան որոշ տարրերի խտության նվազում, օրինակ՝ բարձրզգայունության С-ռեակտիվ սպիտակուցի, եռագլիցերիդների եւ այլն, նվազել է նաեւ ենթաստամոքսային գեղձի բջիջների ակտիվությունը, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրման համար:

Իրանցի գիտնականները հետագայում նախատեսում են ավելի ծավալուն հետազոտություններ իրականացնել, մանրամասնորեն ուսումնասիրել պրոբիոտիկների աշխատանքի մեխանիզմը եւ ստուգել՝ արդյո՞ք հիվանդների վիճակը կլավանա, եթե պրոբիոտիկներն ավելի երկար ժամանակ ստանան:



© NEWS.am Medicine