«Յո-յո»-ի էֆեկտն առողջության համար ավելի վտանգավոր է, քան ճարպակալումը

17:58   21 նոյեմբերի, 2016

Այսպես կոչված «յո-յո»-ի էֆեկտը, որի դեպքում մարդը մերթ քաշ է հավաքում, մերթ նիհարում, առողջության համար շատ ավելի վտանգավոր է, քան կայուն ավելորդ քաշը: Քաշի կտրուկ անկումների դեպքում հանկարծամահության հավանականությունը 3 անգամ մեծանում է, նախազգուշացնում են Բրաունի համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ վտանգի հատուկ խմբում ընդգրկված են բարեկազմ մարդիկ, որոնք կարճ ժամանակահատվածում քաշ են հավաքում, այնուհետեւ կրկին կտրուկ նիհարում են: Ավելի անվտանգ է գեր մնալը, քան քաշի կտրուկ անկումների ենթարկվելը: Իսկ կատարյալ ցանկալին ավելորդ քաշից աստիճանաբար, շատ դանդաղ ազատվելն է ու կազմվածքը պահպանելը, որպեսզի այն այլեւս երբեք չվերադառնա:

Հետազոտության ընթացքում գիտնականները 11 տարի շարունակ հետեւել են 158 հազար կանանց առողջությանը դաշտանադադարից հետո: Պարզվել է, որ կտրուկ նիհարող եւ գիրացող կանայք 3.5 անգամ ավելի հաճախ են մահացել սրտի անկանոնությունների հետեւանքով: Ըստ որում՝ գեր կանայք, որոնց քաշը կայուն պահպանվել է, զերծ են եղել հանկարծամահության մեծ հավանականությունից: Այս տվյալների հիման վրա գիտնականները ենթադրել են, որ քաշի տատանումները ավելի վտանգավոր են, քան դրա ավելցուկը եւ նույնիսկ ճարպակալումը:

Գիտնականները նաեւ հաստատել են, որ այն մարդիկ, ում քաշը մշտապես տատանվում է, զարկերակային ավելի բարձր ճնշում, սրտի արագ ռիթմ, խոլեստերինի եւ արյան մեջ շաքարի մակարդակի ավելի բարձր ցուցանիշներ ունեն: Ըստ որում՝ այս ցուցանիշները չեն կարգավորվում նաեւ կտրուկ նիհարելուց հետո:

Նշենք, որ «յո-յո»-ի կատեգորիայի մեջ են մտնում անորոշ ժամանակահատվածում 4-անգամյա հերթագայությամբ ավելի քան 5 կիլոգրամով քաշի փոփոխությունները:



© NEWS.am Medicine