10:45 22 նոյեմբերի, 2016Ալկոհոլային խմիչքների օգտագործումը մեծացնում է քաղցկեղից մահվան վտանգը: Sheffield University-ի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխարհում մահվան դեպքերի շուրջ 6%-ը կապված են ալկոհոլի օգտագործման հետ: Այն կարող է ավելի քան 60 տարատեսակ հիվանդություններ առաջացնել, այդ թվում՝ քաղցկեղի մի քանի տեսակ: 2012 թվականին ալկոհոլի օգտագործման հետեւանքով առաջացած քաղցկեղից ամբողջ աշխարհում շուրջ կես միլիոն մարդ է մահացել:
Գիտնականների խոսքով՝ սպիրտային խմիչքների կանոնավոր օգտագործումն ավելացնում է աղիների, կրծքագեղձի քաղցկեղի, կոկորդի, բերանի խոռոչի, կերակրափողի ուռուցքների, ինչպես նաեւ լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը: Հիմա ալկոհոլի հետ կապված հիվանդությունների ցանկն ավելացել է եւս մեկով. պարզվում է՝ ալկոհոլը նաեւ շագանակագեղձի քաղցկեղ է առաջացնում:
Ըստ գիտնականների՝ որքան շատ է մարդն ալկոհոլային խմիչքներ օգտագործում, այնքան մեծ է նրա մոտ քաղցկեղի առաջացման վտանգը, սակայն ռիսկի խմբում են նաեւ նրանք, ովքեր բավական քիչ են խմում:
Հետաքրքիր է, որ մարդկանց մեծ մասը չգիտի, որ ալկոհոլի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առաջացման եւ դրանից մահվան վտանգը. Մեծ Բրիտանիայում հարցված 10 մարդուց 9-ը տեղյակ չի եղել այդ կապի մասին:
Հետազոտողները տվյալներ են ներկայացնում Մեծ Բրիտանիայում ալկոհոլի հետ ասոցացվող քաղցկեղի տեսակների առաջացման հաճախականության մասին: Նրանք պարզաբանել են, որ 1960-ականներից մարդիկ սկսել են ավելի շատ ալկոհոլ օգտագործել, այդ պատճառով դրա հետեւանքով առաջացող քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպում: Հեղինակների խոսքով՝ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն այն մասին, որ ալկոհոլը կարող է քաղցկեղ առաջացնել: