Աչքի առաջին փոխպատվաստումը կարող է կատարվել առաջիկա 10 տարիների ընթացքում

21:22   25 նոյեմբերի, 2016

Աչքն այնքան բարդ օրգան է, որի փոխպատվաստումը մինչ օրս երբեւէ չի հաջողվել, չնայած այս ասպարեզում բազմաթիվ փորձարկումներ են արվել: Փոխպատվաստված աչքերը մշտապես անջատվում էին, իսկ արյան մատակարարման եւ աչքի իներվացիայի վերականգնում տեղի չէր ունենում: 1977 թվականին ԱՄՆ-ի Աչքի ազգային ինստիտուտը նույնիսկ հայտարարել է, որ անհնար է աչքը լիակատար փոխպատվաստել:

Այժմ University of Pittsburgh-ի հետազոտողների խումբը աչքի փոխպատվաստման վիրահատության նախապատրաստում է սկսել՝ այդպիսի փոխպատվաստում կարող է իրականացվել առաջիկա 10 տարիների ընթացքում: Եթե վիրահատությունը հաջող անցնի եւ դրա տեխնոլոգիան սկսի կիրառվել կլինիկական պրակտիկայում, դա կօգնի մեծ թվով մարդկանց վերադարձնել իրենց տեսողությունը, որը կորցրել են վնասվածքների կամ հիվանդությունների պատճառով:

Հետազոտական խմբի ղեկավար Կիա Վաշինգթոնը նշել է, որ շատ գիտնականներ իրենց նախաձեռնությանը հոռետեսորեն են վերաբերվում: Սակայն իրենք հույս ունեն, որ բոլոր դժվարությունները կհաղթահարեն եւ կհասնեն նրան, որ փոխպատվաստված աչքը լիարժեք գործունակ կդառնա: Ներկայումս նրանք փորձեր են անցկացնում լաբորատոր առնետների վրա՝ մշակելով տեսողական նյարդի բջիջների կենսունակության պահպանման եւ դրանց հետագա աճի խթանման մեթոդ: Նրանք պարզաբանում են, որ անչափ կարեւոր է նյարդերը կենդանի պահել դեռեւս մինչ դոնոր աչքի հանումը:

2010 թվականին գիտնականներին հաջողվել է նույնականացնել այն գենը, որը պատասխանատու է տեսողական նյարդերի կենսունակության համար: Նրանք պարզել են, որ BAX գենից զուրկ մկների նյարդային բջիջները տեսողակլան նյարդի վնասվելուց հետո երկար ժամանակ կենդանի են մնացել: Այդ գենն ունեցող մկների դեպքում նյարդերը մահանում էին երեք շաբաթվա ընթացքում: BAX-ի աշխատանքն արգելակող պատրաստուկը ընդունակ է երկարացնել նյարդային բջիջների կյանքի տեւողությունը եւ օրգանը պահպանել փոխպատվաստման համար:

Լուծում պահանջող երկրորդ խնդիրը նյարդային բջիջների աճի խթանումն է: Harvard Medical School-ի մասնագետները նյարդերի վերածրագրավորման՝ ծեր բջիջներն ավելի երիտասարդ բջիջների վերափոխելու մեթոդ են հայտնաբերել: Միացությունների մի ամբողջ համալիրի ներգործությամբ գիտնականները կարողացել են հասնել նյարդերի աճի խթանման եւ մկների տեսողական նյարդի ամբողջական վերականգնման: Ճիշտ է, դրանից հետո կենդանու տեսողությունը չի վերականգնվել: Նրանք կարողացել են կրկին տեսնել միայն  ցրված սկլերոզի բուժման համար նախատեսված 4-AP-ի կուրս անցնելուց հետո:

Գիտնականները  հետագայում մեծաթիվ դժվարություններ պետք է հաղթահարեն, մինչ պատրաստ կլինեն մարդկանց աչքի փոխպատվաստման փորձեր իրականացնելուն: Կարեւորագույն դժվարություններից մեկը, ի թիվս վերեւում նշվածների,  փոխպատվաստված օրգանի աջատման հավանականության նվազեցումն է, որը փոխպատվաստման վիրահատություններին ուղեկցող ավանդական խնդիրն է:



© NEWS.am Medicine