Առավոտյան 5 սովորույթ, որոնց պատճառով չի հաջողվում նիհարել

10:46   28 նոյեմբերի, 2016

Եթե Դուք հրաժարվել եք արագ սննդից եւ սկսել եք սպորտով զբաղվել, բայց Ձեր քաշը դեռ չի նվազում, հնարավոր է՝ մեղավորն ամենօրյա սովորույթներն են, որոնց ուշադրություն չեք դարձնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավոտյան մի քանի սովորույթ, որոնք կարող են դանդաղեցնել նիհարելու գործընթացը:

Նախաճաշի անտեսում

Ոմանք նախընտրում են առավոտյան չնախաճաշել, այլ միայն սուրճ կամ թեյ խմել: Այս սովորույթը ոչ միայն խանգարում է նիհարել, այլեւ կարող է նպաստել ավելորդ քաշ հավաքելուն: Բանն այն է, որ երբ չեք նախաճաշում, օրվա ընթացքում սկսում եք ուժեղ քաղց զգալ եւ շաքարով ու ճարպերով վնասակար սնունդ ուտել: Եթե ուզում եք նիհարել կամ պահպանել քաշը, մասնագետները խորհուրդ են տալիս անպայման նախաճաշել:

Քնի ավելցուկ

Շատ ենք լսել այն մասին, որ քնի պակասը հանգեցնում է ավելորդ քաշի, բայց պարզվում է, որ քնի ավելցուկը նույն արդյունքն է ունենում: PLoS ONE ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գիշերն ավելի քան 10 ժամ քնող մարդիկ մարմնի մեծ զանգված ունեն՝ 7-9 ժամ քնողների համեմատ:

Չհավաքված անկողին

National Sleep Foundation-ի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք հավաքում են իրենց անկողինը, ավելի հաճախ լավ են քնում, հետեւաբար՝ ավելի հեշտությամբ են հետեւում իրենց քաշին: Չնայած այս կապն այնքան էլ հասկանալի չէ, ամեն դեպքում, փորձեք արթնանալուց հետո հավաքել անկողինը:

Մութ ննջարան

Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, որոնք ննջարանն առավոտյան ողողվում է արեւի լույսով, սովորաբար մարմնի փոքր զանգված ունեն, քան նրանք, ովքեր մթության մեջ են արթնանում: Այդ պատճառով պետք չէ ննջասենյակի պատուհանները հաստ վարագույրներով ծածկել, թող առավոտյան Ձեզ արթնացնեն արեւի ճառագայթները:

Կշռվելու ցանկության բացակայություն

Obesity ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ առավոտյան կանոնավորապես կշռվելու դեպքում ավելի հեշտ է վերահսկել քաշը: Առավոտը կշռվելու լավագույն ժամանակն է, քանի որ գիշերվա քնից հետո օրգանիզմում քիչ ջուր է մնում, եւ քաշն ավելի ճիշտ է լինում:



© NEWS.am Medicine