Հերթ ռինովիրաբույժների մոտ. նորաձեւ թրե՞նդ, թե՞ կենսական անհրաժեշտություն

19:27   29 նոյեմբերի, 2016

«Աստղիկ» բժշկական կենտրոնում դիմածնոտային պլաստիկ վիրաբույժների կաբինետի մոտ հերթ է. հերթում հիմնականում երիտասարդ աղջիկներ են, ըստ իս, բավական համակրելի: Սակայն նրանք բոլորն այստեղ են եկել մեկ նպատակով՝ «հայկական քթից» ազատվելու:

Արդյոք այդքան օբյեկտի՞վ է բնության պարգեւածից՝ արծվային կամ բազեի քթից հրաժարվելու նրանց ցանկությունը: Այս հարցով դիմեցի դիմածնոտային պլաստիկ վիրաբույժներ Աշոտ եւ Արմեն Հարությունյաններին:

«Եթե այցելուն ցանկանում է, ուրեմն դա օբյեկտիվ է»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ պարզաբանելով, որ իրենց խնդիրը որակյալ վիրահատություն կատարելն է եւ լավ արդյունք ստանալը, իսկ էսթետիկ տեսակետից դա ճիշտ է, թե սխալ՝ այցելուն է որոշում: «Դե իսկ եթե խոսքը վերաբերում է շնչառության հետ կապված ֆունկցիոնալ խնդիրներին, ապա այս հարցում արդեն մենք՝ բժիշկներս ենք լուծումներ առաջարկում»,- ասաց վիրաբույժը:

Հայաստանում ռինոպլաստիկան պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղում է: Դեմքի շտկման մյուս վիրահատությունները՝ հեյլոպլաստիկա (շրթունքներ) կամ բլեֆարոպլաստիկա (կոպեր), նույնպես որոշակի պահանջարկ ունեն, բայց ոչ այնքան տարածվածությամբ: Մենք՝ հայերս իսկապե՞ս այդքան տգեղ քթեր ունենք, թե՞ դա պարզապես նորաձեւություն է, յուրատեսակ թրենդ:

«Այդ վիրահատությունների պահանջարկ կա, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի վիրաբույժները լավ արդյունք են ապահովում, պահանջարկը կախված է նաեւ մեր աշխատանքի որակից: Իհարկե, յուրաքանչյուր վիրահատություն վտանգներ է պարունակում, բայց մենք դրանց մասին պարտադիր տեղեկացնում ենք, իսկ որոշում կայացնողը այցելուն է»,- կրկնեց բժիշկը: Նրա խոսքով՝ եթե մարդն ամբողջ կյանքի ընթացքում արծվաքթության պատճառով բարդույթավորվում է, եւ եթե հնարավոր է դա շտկել, ապա ինչու նրան չընձեռել այդ բարդույթից ազատվելու հնարավորություն:

Իհարկե,  ըստ իմ զրուցակիցների, այս հարցում իրենց դերակատարումն ունեն նաեւ նորաձեւ թրենդները՝ ժամանցային ամբողջ արտադրությունը ուղղված է էտալոնների ստեղծմանը, եւ մարդիկ ցանկանում են դրանց նմանվել:

Բժիշկների վիճակագրությամբ՝ քթի ձեւի շտկման համար ամենաշատը երիտասարդ կանայք են դիմում, բայց սկսել են դիմել նաեւ տղամարդիկ, եւ այս միտումը տարեցտարի աճում է: Սակայն դիմելիության տեսակետից առաջին տեղում շնչառության հետ կապված խնդիրներն են: Այցելողների 80 տոկոսից ավելին շնչառական խնդիրներ ունեն, բացառապես պլաստիկայի համար դիմում է միայն 20 տոկոսը, պարզապես շնչառական խնդիրներ ունեցող հիվանդներից շատերը որոշում են միաժամանակ նաեւ պլաստիկա կատարել:

Իսկ պատահո՞ւմ է, որ վիրաբույժները մերժեն այցելուներին: «Իհարկե, պատահում է: Պատահում է, որ այցելուն վիրահատության կարիք ունի քթի միջնապատի ծռվելու պատճառով, իսկ նա խնդրում է միաժամանակ պլաստիկա կատարել, որի կարիքը նա ամենեւին չունի: Այդ դեպքում մենք խորհուրդ ենք տալիս ուղղել միայն միջնապատը: Դեպքերը շատ տարբեր են»,- պարզաբանեց Աշոտ Հարությունյանը:

Նշենք, որ «Աստղիկ» ԲԿ-ում նոյեմբերի 17-ից ակցիա է մեկնարկել՝ մինչեւ տարեվերջ կիրականացվի այցելուների գրանցում, որոնց քթի վիրահատություն կկատարեն մյուս տարվա ընթացքում՝ կես գնով: Հնարավոր է՝ վիրահատությունները սկսեն կատարել արդեն դեկտեմբերին, քանի որ այցելուների թիվը շատ մեծ է՝ արդեն ավելի քան 100 մարդ է գրանցվել:

Վիրահատությունները կկատարեն դիմածնոտային պլաստիկ վիրաբույժներ Աշոտ եւ Արմեն Հարությունյաննները։

Գրանցվելու համար զանգահարել 055505490 հեռախոսահամարով։

 



© NEWS.am Medicine