Միզաքարային հիվանդության կրկնման 5 պատճառ

13:17   2 դեկտեմբերի, 2016

Արդի բժշկությունը միզաքարային հիվանդության դեմ պայքարի շատ միջոցներ է առաջարկում: Սակայն հետաքրքիր է, որ հիվանդությունը հաճախ կրկնվում է. հիվանդի երիկամներում կրկին քարեր են առաջանում: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Ջրազրկում

Եթե մարդը բավարար քանակով ջուր է խմում, նրա երիկամներում քարերի առաջացման եւ դրա կրկնության հավանականությունը զգալիորեն նվազում է: Եվ հակառակը՝ մշտական ջրազրկումը քարերի առաջացում է հրահրում: Խնդիրն այն է, որ մարդկանցից շատերը չեն խմում իրենց անհրաժեշտ ջրի քանակ, եւ դա, բնականաբար, հանգեցնում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ երիկամների:

Ջրի որակ

Սովորաբար բավարար չէ պարզապես մեծ քանակով ջուր խմելը. անհրաժեշտ է հավաստիանալ, որ նրա մեջ հանքանյութերն այնքան էլ շատ չեն: Երբեմն ջրում հանքանյութերի ավելցուկն է հանգեցնում նրան, որ բավարար քանակով ջուր խմող մարդիկ բախվում են երիկամների քարերի ռեցիդիվի:

Միզուղիների կառուցվածքային շեղումներ

Եթե միզուղիների կառուցվածքային շեղումներ ունեք, ինչի հետեւանքով օրգանիզմից մեզի արտազատումը դժվարանում է, բավական բարձր է երիկամներում քարերի առաջացման եւ ռեցիդիվի հավանականությունը: Այսպիսի խնդիր ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում ամեն տարի ուլտրաձայնային հետազոտության ենթարկվել՝ վաղ փուլում քարերի առաջացումը ֆիքսելու համար:

Վնասակար սովորություններ

Գազավորված ըմպելիքները, չափից ավելի թթու ուտելիքը եւ սննդակարգում աղի ավելցուկը նույնպես մեծացնում են միզաքարային հիվանդության առաջացման հավանականությունը: Եթե ցանկանում եք ձեր երիկամները եւ միզուղիների համակարգն առողջ պահել, պետք է լիովին հրաժարվեք գազավորված ըմպելիքներից, իսկ աղի ու թթու կերակուրների օգտագործումը նվազագույնի հասցնեք:

Վահանաձեւ գեղձի խնդիրներ

Վահանաձեւ գեղձի ուռուցքն ազդում է հարվահանաձեւ գեղձի աշխատանքի վրա, որը գտնվում է վահանաձեւ գեղձի կողքին: Քանի որ հարվահանաձեւ գեղձը առանցքային դերակատարում ունի կալցիումի նյութափոխանակության մեջ, վահանաձեւ գեղձի ուռուցքը ներգործում է հարվահանագեղձի հորմոնի վրա, ինչը նպաստում է կալցիումի կուտակմանը դրա համար անհամապատասխան գոտիներում, այդ թվում՝ նաեւ երիկամներում:



© NEWS.am Medicine