Ընկուզեղենը նվազեցնում է քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը

15:32   5 դեկտեմբերի, 2016

Ընկուզեղենի կանոնավոր օգտագործումը 22 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, նվազեցնում է նաեւ վտանգավոր հիվանդությունների հավանականությունը: Այս մասին նշված է BMC Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

«Ընկուզեղենում մեծ քանակությամբ բջջանյութ, մագնիում եւ չհագեցած ճարպաթթուներ են պարունակվում. այս բոլոր նյութերը նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, ուստի օգտակար եմ սրտի եւ անոթների համար: Որոշ ընկույզներ, հատկապես հունականը եւ պեկանը, մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք բջիջներին օգնում են պայքարել սթրեսների դեմ եւ նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը: Դրանից զատ, կասկածներ կան, որ ընկուզեղենը կարող է նվազեցնել ճարպակալման առաջացման հավանականությունը»,- հայտարարել է Լոնդոնի Կայսերական քոլեջից Դագֆին Աունը:

Գիտնականները վերլուծել են եւ համադրել երեսուն գիտական աշխատանքների արդյունքները, որոնց շրջանակներում մասնագետները 20 փորձ են անցկացրել՝ ուղղված տարբեր մթերքների օգտակար հատկությունների հետազոտությանը:

Հետազոտության հիմքում ընկած էր ամբողջ աշխարհում 820 հազար մարդկանց ընտրանքը: Հավաքվել են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի եւ Ավստրալիայի բնակիչների սննդակարգի վերաբերյալ տվյալներ: Նրանցից մի քանի տասնյակ հազարը մահացել են ինֆարկտից, սրտի կորոնար հիվանդությունից, կաթվածից, քաղցկեղից եւ այլ հիվանդություններից: Դա գիտնականներին թույլ է տվել հետեւել, թե նրանց սննդակարգի որ տարրերն են ավելի ուժեղ ազդել վաղաժամ մահվան հավանականության վրա:

Աունը եւ նրա խումբը պարզել են, որ ընկուզեղենն օգնում է զգալիորեն նվազեցնել մեծ թվով լուրջ հիվանդությունների սպառնալիքը: Սրտի եւ անոթների համար առավել օգտակար է եղել գետընկույզը: Այն 23-30 տոկոսով նվազեցնում է ինֆարկտի, կորոնար հիվանդության կամ կաթվածի հավանականությունը, իսկ երիկամների հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ 48 տոկոսով: Հունական ընկույզը եւ այլ տեսակներն առավել ուժգին են նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն նպաստում են շաքարախտի առաջացմանը:

Համանման էֆեկտ է նկատվել միայն այն ժամանակ, երբ մարդիկ ամեն օր բավական մեծ քանակով ընկույզ են կերել՝ 20 գրամից սկսած եւ ավելի:

Վերլուծության արդյունքներով՝ մասնագետները հանգել են եզրակացության, որ ընկուզեղենը պետք է ներառել մոլորակի բոլոր բնակիչների ամենօրյա սննդակարգի մեջ:



© NEWS.am Medicine