Չպատենտավորված դեղեր, թե բրենդային՝ ի՞նչ ընտրել

16:31   24 մարտի, 2014

Երբեմն ապրանքանիշի անունը վկայում է ապրանքի ավելի բարձր որակի մասին: Բայց երբ խոսքը դեղերի մասին է, թանկարժեք հայտնի դեղի էժան նմանօրինակը նույն  կերպ է գործում ՝ հիվանդին չսնանկացնելով:

Չպատենտավորված դեղերը (ջեներիկները) նույն ակտիվ բաղադրիչներն ունեն եւ նույն կերպ են ազդում, ինչպես դրանց բրենդային բնօրինակները,- պնդում է բժիշկ Մայքլ Ֆիշերը Բոսթոնի Բրայմ կանանց հիվանդանոցից, փոխանցում է Fox News-ը: Իրականում, ոչ կոմերցիոն դեղերը պետք է համապատասխանեն FDA-ի նույն խիստ չափանիշներին, ինչ եւ բրենդային հայտնի դեղերը՝ միայն այն տարբերությամբ, որ բրենդային հայտնի դեղերի բաժիններն արտադրվում են առանձին գործարաններում, բացատրում է նա:

Այդ դեպքում ինչո՞ւ է հարցման ժամանակ նույն Բրայմի կանանց հիվանդանոցի բժիշկների կեսից ավելին ասել, որ բացասաբար է վերաբերվում ջեներիկներին:

Դեղագործական ընկերությունները հսկայական գումարներ են ծախսում գովազդի վրա, ուստի բժիշկները երբեմն հավատում են, որ կոմերցիոն տարբերակներն ավելի լավն են, ասում է Թեքսասի համալսարանի Բժշկական հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, բժիշկ Հովարդ Բրոուդին:

Երբեմն կոմերցիոն ապրանքանիշի դեղեր նշանակելը բժիշկների սովորությունն է: Երբ նոր դեղ է թողարկվում, այն պատենտ է ստանում: Սովորաբար 8 տարի միայն մեկ ընկերություն է այն վաճառելու իրավունք ունենում: Ուստի բժիշկները միայն դրանք են նշանակում, բացատրում է Բրոուդին: Ավելի ուշ, երբ վաճառքի են հանվում նույն դեղերի էժան նմանակները, բժիշկները, միեւնույն է, շարունակում են դրանք նշանակել:

Բայց Բրոուդին պնդում է, որ իր ողջ բժշկական կարիերայի ընթացքում էական տարբերություն չի նկատել դեղերի չպատենտավորված եւ բրենդային տարբերակների միջեւ: Չնայած երկու դեղերին օրգանիզմի արձագանքը կարող է մի քիչ տարբերվել, ասում է բժիշկ Բրոուդին: Այդ դեղերում ակտիվ նյութը նույնն է, սակայն լրացուցիչ հավելումները տարբերվում են, ուստի օրգանիզմի արձագանքը կարող է տարբեր լինել: Բայց սա չի նշանակում, որ բրենդայիններն ավելի լավն են. երբեմն ճիշտ հակառակն է լինում, նշում է բժիշկը:

Իր եւ իր ընտանիքի համար բժիշկ Ֆիշերը ջեներիկներ է գնում:



© NEWS.am Medicine