Ի՞նչ կանխարգելիչ հետազոտություններ պետք է անցնեն տղամարդիկ

21:59   5 դեկտեմբերի, 2016

Շատ տղամարդիկ չեն սիրում բժշկի գնալ եւ դա անում են միայն այն ժամանակ, երբ անհանգստացնող խնդիրը շատ լուրջ է դառնում, եւ այն արդեն անհնար է անտեսել։ Սակայն ժամանակին բժշկի դիմելը հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի հեշտ ու քիչ ծախսերով ազատվել հիվանդություններից, այլ նաեւ դրանք հայտնաբերել ամենավաղ փուլում, երբ դրանք դեռեւս ոչ մի նախանշան չունեն։

Ի՞նչ կանխարգելիչ հետազոտություններ պետք է անցնեն տղամարդիկ, որպեսզի ժամանակին հայտնաբերեն առողջությանը սպառնացող խնդիրը։ Դա NEWS.am Medicine–ի թղթակցին օգնել է հասկանալ ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։

40 տարին չլրացած տղամարդիկ, ըստ մասնագետի, պետք է տարեկան մեկ անգամ ուռոլոգի մոտ խորհրդակցության գնան, անգամ եթե ոչ մի գանգատ չունեն։ Եթե այդ տղամարդը խնդիր ունի, որը դեռեւս ի հատ չի եկել, ուռոլոգը կարող է օգնել գտնել այն՝ համապատասխան բուժզննում նշանակելով։ Իսկ եթե առողջ է, մասնագետը կհաստատի դա։

Բացի այդ, սեռական կյանքով ապրող երիտասարդ տղամարդկանց խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ ստուգել սեռական ինֆեկցիաների առկայությունը։ Դրանցից շատերն ընթանում են առանց նշանների, եւ պացիենտը կարող է անգամ չկասկածել, որ վարակակիր է, եթե անալիզ չհանձնի։ Իսկ երեխաներ պլանավորող տղամարդկանց խորհուրդ են տալիս սերմնահեղուկի հետազոտություն (սպերմոգրամմա) անցնել՝ անալիզ, որը տեղեկություններ է տալիս վերարտադրողական առողջության վիճակի մասին։

40 տարեկանից մեծ տղամարդկանց խորհուրդ են տալիս տարեկան մեկ անգամ հանձնել PSA անալիզ (շագանակագեղձ –սպեցիֆիկ հակագեն), որի արդյունքները կարող են նշել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկերը։ Այդ անալիզը շատ կարեւոր է, եւ այն անտեսել չի կարելի հատկապես այն տղամարդանց, որոնց ընտանիքում շագանակագեղձի քաղցկեղի դեպքեր են եղել։



© NEWS.am Medicine