Սուր լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդների 82 տոկոսի հիվանդությունը թուլացել է փորձնական բուժման շնորհիվ

10:42   6 դեկտեմբերի, 2016

NovartisAG դեղագործական ընկերության մշակած փորձնական բուժումը, որը նախատեսված էր սուր լիմֆոբլաստային լեյկոզի դեմ պայքարելու համար, հանգեցրել է հիվանդության այս տեսակով տառապող երեխաների եւ երիտասարդների 82 տոկոսի հիվանդության թուլացման: Այս մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

CTL019 բջիջների օգտագործմամբ փորձնական իմունոթերապիան կիրառվել է հետազոտության 50 մասնակիցների շրջանում, որոնք ռեցիդիվ են ունեցել կամ բուժման գոյություն ունեցող մեթոդները նրանց համար արդյունավետ չեն եղել: CTL019 բջիջների օգտագործմամբ իմունոթերապիայի կուրսից հետո 3 ամիս անց 41 հիվանդների մոտ հիվանդության թուլացում է գրանցվել, որը կազմել է հիվանդների ընդհանուր թվի 82 տոկոսը: Իմունոթերապիա անցնելուց կես տարի անց լավ վիճակը պահպանվել է նրանցից 60 տոկոսի մոտ:

CTL019-ը գենետիկորեն մոդիֆիկացված Т բջիջներ են, որոնք վերցվել են հենց հիվանդներից: Այդ բջիջները վերածրագրավորում են՝ ստեղծելով, այսպես կոչված, CAR-T բջիջներ, որոնց մակերեւույթին է գտնվում ուռուցքային բջիջները ճանաչելուն ընդունակ ռեցեպտոր: Այս կերպ մոդիֆիկացված բջիջները կրկին հիվանդներին են ներարկվել:

Հետազոտողները հայտնել են, որ հիվանդներից ոչ մեկը հետազոտության ընթացքում չի մահացել, իսկ առաջացած կողմնակի երեւույթները հաջողվել է հաղթահարել: Հիվանդների գրեթե մեկ երրորդ մասի մոտ փորձնական բուժում ստանալուց հետո առաջացել է ցիտոկինների արտադրման սուր ախտանիշ, իսկ 15 տոկոսի մոտ նյարդաբանական խնդիրներ, այդ թվում՝ դիլերիա:

Հիշեցնենք, որ սա քաղցկեղի բուժման մեջ կիրառվող ամենեւին ոչ առաջին փորձնական իմունոթերապիան է: Վերջերս կասեցվել են JCAR015 ընկերության անցկացրած իմունոթերապիայի փորձարկումները, որոնց ընթացքում մի քանի հիվանդ էր մահացել:



© NEWS.am Medicine