Ոտքով զբոսանքները կարող են պաշտպանել տղամարդուն անպտղությունից

11:52   7 դեկտեմբերի, 2016

Շաբաթական ընդամենը 3 անգամ ոտքով զբոսնելը կարող է ամրացնել տղամարդու վերարտադրողական առողջությունը եւ պաշտպանել նրան անպտղությունից, պնդում են Իրանի Urmia University-ի մասնագետները։ Նրանց խոսքով՝ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգնում է օրգանիզմին հաղթահարել օքսիդատիվ սթրեսը, որը վնասում է սպերմատոզոիդներին։

Գիտնականների հետազոտությունն ապացուցել է, որ մարզումներից հետո տղամարդկանց սպերմատոզոդիներն ավելի լավ որակի են լինում՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ջանք են նրանք գործադրել ֆիտնեսի ժամանակ։ Սակայն տղամարդիկ, որոնք մարզվել են չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության խմբում, ավելի լավ արդյունք են գրանցել։ Մասնավորապես, ի տարբերություն առհասարակ չմարզվող տղամարդկանց, չափավոր մարզումների խմբի տղամարդկանց սպերմատոզոիդների ծավալն աճել է 8.3 տոկոսով, բջջային շարժունակությունը՝ 12.4 տոկոսով, իսկ բջջային ձեւը լավացել է 17.1 տոկոսով։ Ավելին՝ սպերմատոզոիդների խտությունն աճել է 14.1 տոկոսով, իսկ սպերմատոզոիդների բջիջների ընդհանուր քանակն աճել է 21.8 տոկոսով։

Գիտնականների խոսքով՝ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությոնը հասարակ, մատչելի եւ արդյունավետ միջոց է նստակյաց ապրելակերպ վարող տղամարդկանց սպերմատոզոիդների որակը բարելավելու համար։ Այդուհանդերձ, հետազոտողները նշում են, որ տղամարդկանց ամլության վրա կարող են ազդել նաեւ այլ գործոններ, այդ պատճառով երբեմն սպորտը կարող է բավարար չլինել, եւ բուժման կարիք զգացվի։

Մասնագետները խորհուրդ են տալիս առողջ սննդակարգի հետեւել, հրաժարվել ծխելուց եւ ընդարձակ վարտիքներ հագնել, որոնք չեն ճնշում սեռական օրգանները։



© NEWS.am Medicine