Առողջապահական պետական տեսչությունը հայտնաբերել է 100 անվանում կասկածելի դեղեր

16:51   7 դեկտեմբերի, 2016

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կեղծված եւ նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով դեղերի շուկան ուսումնասիրելու եւ դրանց հիման վրա իրավական կարգավորումներ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթներ` պարզելու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների եւ դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման հարցը։

Վերջին երեք օրվա ընթացքում իրականացրած զննությունների արդյունքում աշխատանքային խմբերը դեղատնային կրպակներում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցված, օրինական ներմուծված լինելու եւ շրջանառվելու տեսանկյունից կասկած հարուցող 100 անվանում դեղեր, ինչպես նաեւ 17 անվանում ժամկետանց դեղեր:

Գրանցման տեսանկյունից կասկած հարուցող դեղերն ուղարկվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»՝ փորձագիտական եզրակացություն ստանալու եւ վարչարարությամբ նախատեսված հետագա քայլերը նախանշելու նպատակով:



© NEWS.am Medicine