ԱՄՆ-ում 10 տարվա ընթացքում առաջին անգամ կյանքի տեւողությունը կրճատվել է

19:02   8 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ-ում մահացության ընդհանուր մակարդակը 10 տարվա ընթացքում առաջին անգամ մեծացել է: Դա հանգեցրել է 1993 թվականից ի վեր առաջին անգամ կյանքի տեւողության ցուցանիշների անկման: Ընթացիկ տարվա ընթացքում մահացության ընդհանուր ցուցանիշը 100 հազար մարդու հաշվարկով 724,6-ից մեծացել է մինչեւ 733,1 մարդ:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ 2015 թվականին միջին ամերիկացու կյանքի ակնկալվող տեւողությունը եղել է 78 տարի 9,5 ամիս, ինչը մեկ ամսով պակաս է, քան ամերիկացու համար նույն ցուցանիշը 2014-ին: Դա տեղի է ունեցել մահացության աճի հետեւանքով՝ մինչեւ 2,7 մլն մարդ (86,000-ով ավելի, քան 2014 թվականին), ինչը երկիրը վերադարձրել է 2012 թվականի մակարդակին:

2015 թվականին մահացության աճի գլխավոր պատճառը սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքերի հաճախակիացումն է: Շաքարախտով, երիկամների կամ թոքերի հիվանդություններով տառապողների շրջանում մահացությունը նույնպես 2014 թվականի մակարդակից բարձր է եղել: 2015 թվականին  ավելացել են նաեւ ինքնասպանության դեպքերը: Միակ պատճառը, որի հետեւանքով մահացությունը կրճատվել է, քաղցկեղն է:

Մասնագետները տեղի ունեցածի պատճառների հարցում տարակարծիք են: Մեծ մասը կարծում է, որ պատճառը «ավելորդ քաշի համաճարակն է»: Սակայն առկա է նաեւ քաշի հետ ուղղակիորեն չկապվող միտում. աճում է ինքնասպանությունների եւ թմրանյութերի գերչափաքանակից մահվան դեպքերի թիվը:

Ըստ որում՝ առավել ապահովված ամերիկացիների շրջանում կամ նրանց, ովքեր բարձրագույն կրթություն ունեն (հաճախ նրանք միեւնույն մարդիկ են) մահացության ցուցանիշը չի մեծանում:



© NEWS.am Medicine