Մանկական ծծակներում տոքսիններ են պարունակվում, որոնք մեծացնում են աուտիզմի եւ շաքարախտի վտանգը

12:10   10 դեկտեմբերի, 2016

Ամերիկացի հետազոտողները մանկական պլաստմասե ծծակներում առողջության համար վտանգավոր քիմիական բիսֆենոլ А նյութ են հայտնաբերել, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է աուտիզմի, շաքարախտի ու քաղցկեղի առաջացմանը:

Ամերիկյան քիմիական միության փորձագետները հետազոտել են 59 առավել հայտնի ծծակները եւ նոր դուրս եկող ատամների համար պլաստիկե իրերը, որոնց բոլորի մեջ անխտիր բիսֆենոլ А է հայտնաբերվել, որի օգտագործումը երեխաների համար նախատեսված արտադրանքում որոշ ժամանակ առաջ արգելվել է: Սակայն մինչեւ վերջերս գիտնականները չէին ստուգել մանկական ծծակներում տոքսինների առկայությունը, որոնք սովորաբար պարունակվում են սննդամթերքների փաթեթներում: Բիսֆենոլ А-ի վնասակար հատկությունների մասին վաղուց է հայտնի՝ այն խախտում է հորմոնալ համակարգը, մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման, շաքարախտի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ուշագրավ է, որ ծծակներից մեծամասնության փաթեթների վրա նշված է, որ դրանք իբր թունավոր չեն եւ բիսֆենոլ А չեն պարունակում:

Այս նյութից զատ, հետազոտողները մանկական ծծակներում նաեւ բիսֆենոլ S եւ բիսֆենոլ F են հայտնաբերել: Շատ ծծակներ պարունակել են նաեւ ֆտալատներ, պարաբեններ եւ հակամիկրոբային տրիկլոզան եւ տրիկլոկարբան դեղամիջոցներ:

Էնդոկրինային համակարգը խախտող քիմիկատներ են պարունակվում ամենօրյա հազարավոր մթերքներում՝ սննդամթերքի պլաստիկե եւ մետաղական փաթեթներից մինչեւ մաքրող նյութեր, խաղալիքներ եւ կոսմետիկա: Ֆտալատներ են օգտագործվում ջրի մեկանգամյա շշերում: Գիտնականների պնդմամբ՝ այս անտեսանելի քիմիկատը հարուցում է աուտիզմին նման նյարդաբանական եւ վարքագծային խանգարումներ, նաեւ բացասաբար է ներգործում IQ-ի մակարդակի վրա:



© NEWS.am Medicine