Բարձրակրունկ կոշիկի պատճառով կնոջ ոտքն անդամահատել են (լուսանկարներ)

11:59   15 դեկտեմբերի, 2016

Երբ 37-ամյա Լորեյն Բերնեթը (Շոտլանդիա) 13-սանտիմետրանոց կրունկով նոր կոշիկ էր գնում, մտքով իսկ չէր կարող անցկացնել, որ դրանք պետք է իր ոտքն արժենան: Այդ կոշիկներով նա մի քանի տարի առաջ պարել է Ծննդյան երեկույթին: Նոր կոշիկը նեղ էր եւ անհարմար, դրանցով մի ամբողջ գիշեր անցկացնելուց հետո նրա ոտքին բշտիկ է առաջացել, որը հետո պայթել է, իսկ վերքի մեջ ինֆեկցիա է անցել:

Երկու տարի շարունակ բժիշկները փորձում էին ինֆեկցիան բուժել հակաբիոտիկներով, սակայն այն շարունակում էր օրգանիզմում տարածվել: Բուժումը չէր օգնում, եւ բժիշկները ստիպված էին նրա ոտքն անդամահատել: Իր դերն է խաղացել նաեւ այն փաստը, որ Լորեյնը շաքարախտով էր տառապում, եւ նրա մոտ ապաքինման պրոցեսները ծայրահեղ դանդաղ էին ընթանում:

Այս պատմությունից տարիներ անց կինը որոշել է այդ մասին պատմել, որպեսզի շաքարախտով հիվանդներին եւ բոլորին զգուշացնի, թե որքան վտանգավոր է բարձրակրունկ նեղ կոշիկ հագնելը: Լորեյնն ասել է, որ սիրտը փշրվում է այն մտքից, որ ինչ-որ կոշիկի պատճառով ոտքից զրկվել է:

«Ինֆեկցիաները հերթագայել են միմյանց, եւ ի վերջո բժիշկները հայտարարել են, որ պետք է վերքը մաքրեն՝ հեռացնելով վարակված մարմինը: Դրանից հետո ինձ ընտրություն էր սպասում՝ կամ  կրկնվող ինֆեկցիաներ ամբողջ կյանքիս ընթացքում, կամ ոտքի անդամահատում: Բժիշկները վերջինն էին խորհուրդ տալիս, եւ ես վիրահատությանը համաձայնեցի, որը 5 ժամ տեւեց: Իմ ապրումների մասին ոչինչ չասեմ, բայց այսօր ցանկանում եմ շաքարախտով մյուս կանանց զգուշացնել՝ ոչ մի անգամ չփորձեք շրջապատի վրա տպավորություն գործել անհարմարավետ կոշիկի օգնությամբ: Հիշեք, որ մեր վիճակում ոտքերի վնասվածքները կարող են մահացու վտանգավոր լինել»,- նշել է կինը:



© NEWS.am Medicine