Բազմաթիվ մարդկանց մոտ կարտոֆիլն ասոցացվում է ավելորդ քաշ հավաքելու հետ, բայց նիհարելու հետ՝ երբեք: Ամեն դեպքում, Journal of the American College of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ սննդակարգի հետեւող եւ շաբաթական 5 անգամ կարտոֆիլ ուտող մարդիկ բավական արագ են նիհարել:
Ինչպե՞ս կարող է կարտոֆիլն օգնել նիհարել: Իրականում ամեն ինչ շատ պարզ է:
Կարտոֆիլը կանխում է չափից շատ ուտելը
Արագ հագեցնող մթերքների ցանկում կարտոֆիլն առաջին տեղում է: Այն նաեւ կանխում է չափից շատ ուտելը, քանի որ հարուստ է մանրաթելերով եւ սննդային օսլայով, որոնք դանդաղեցնում են մարսողությունն ու բավական երկար ժամանակ պահպանում հագեցածության զգացողությունը: Միջին չափի մեկ կարտոֆիլը 4.6 գրամ սպիտակուց է պարունակում. ավելի շատ, քան բանջերեղենի մեծ մասը:
Կարտոֆիլը բավական քիչ կալորիաներ է պարունակում
Միջին չափի կարտոֆիլը շուրջ 150 կալորիա է պարունակում: Սակայն դրանց վերջնական քանակությունը կախված է կարտոֆիլի պատրաստման եղանակից. օրինակ՝ խաշած կամ ջեռոցում եփած կարտոֆիլում ավելի քիչ կալորիա կա, քան տապակածում:
Կարտոֆիլը հագեցնում է մարզումներից առաջ
Քանի որ կարտոֆիլը հարուստ է ածխաջրերով, այն կարող է օրգանիզմն էներգիայով ապահովել, որն անհրաժեշտ է սպորտով զբաղվելու համար: Sports Magazine-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ բարձր ինտենսիվությամբ մարզումների, օրինակ՝ մարաթոնավազքի ժամանակ ածխաջրերը մեծացնում են սպորտային ցուցանիշները:
Կարտոֆիլն արագացնում է նիհարելու պրոցեսը
Կարտոֆիլում բարդ ածխաջրեր կան, որոնք թույլ են տալիս ուժեղացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկողությունը եւ արագացնում են նիհարելու պրոցեսը:
Չնայած վերը ասվածին՝ խորհուրդ չի տրվում շատ հաճախ կարտոֆիլ ուտել: Մասնագետների խոսքով՝ օրական միջին չափի մեկ կարտոֆիլից ավելի ուտել պետք չէ: